Հրադադարի ռեժիմի պահպանումը Ուկրաինայի իրադրության խաղաղ կարգավորման հանգուցային պայմանն է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Շվեյցարիայի նախագահ Դիդիե Բուրկհալտերի հայտարարության մեջ, որը հրապարակված է կազմակերպության կայքում: Նա նաեւ ընդգծել է «ռեժիմի կայունացման կարեւորությունը», նախազգուշացրել «այդ պարտավորության կատարումից խուսափելուց»:

 

Ընդսմին Բուրկհակտերն անհրաժեշտ է համարում, որ «հակամարտության տարածաշրջանում գտնվող ԵԱՀԿ-ի դիտորդների համար երկուստեք երաշխավորվի նրանց անվտանգությունը»:

 

ԵԱՀԿ-ի նախագահը նաեւ գնահատել է իրադրության կարգավորման վերաբերյալ Մինսկի համաձայնությունների կատարման ուղղությամբ Կիեւի իշխանությունների ձեռնարկած միջոցները: «Մասնավորապես, նախագահը վկայակոչել է Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերի առանձին շրջանների հատուկ կարգավիճակի մասին օրենքի ընդունումը, որը թույլ է տալիս անցկացնել վաղաժամկետ տեղական ընտրություններ եւ իրավական հիմք է ստեղծում տարածաշրջանի իրադարձությունների մասնակիցների նկատմամբ համաներման համար»,- ասված է հայտարարության մեջ, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: