Շոտլանդիայի անկախության հանրաքվեում քվեարկելու համար տեղամասերում առավոտից առավել երկար հերթեր են գոյացել Գլազգոյում՝ տարածաշրջանի արդյունաբերական մայրաքաղաքում, որի բնակչությունը հասնում Է գրեթե 600 հազար մարդու: Քաղաքային խորհրդի ներկայացուցիչների տվյալներով՝ համընդհանուր հարցմանը մասնակցելու համար գրանցվել Է ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների 97,2 տոկոսը:

 

Առանձնակի ուշադրություն են գրավում հայտնի քաղաքական գործիչներն ու նշանավոր անձինք, որոնց կարծիքը կարող Է ազդեցություն գործել այն շոտլանդացիների վրա, որոնք դեռեւս չեն հստակեցրել իրենց դիրքորոշումը: Այնպիսի «աստղեր», ինչպիսիք են «007 գործակալի» դերակատար Շոն Քոններին, անգլիացի ֆուտբոլիստ Դեւիդ Բեքհեմը, երաժիշտներ Պոլ Մաքքարթնին, Դեւիդ Բոուին, Բյոկը, գիտնական եւ հեռուստահաղորդավար Դեւիդ Ատենբորոն, մոդելագործ Վիվիեն Վեսթվյուդը, գրող Ջոան Ռոուլինգը: Նրանք բոլորը հայտարարել են այս կամ այն քարոզարշավhg իրենց աջակցության մասին:

 

Շոտլանդիայի ինքնիշխնության հարցի նկատմամբ իր դիրքորոշումը հայտնել Է նաեւ հյուսիսային երկրամասից սերված 2012 թվականի օլիմպիական խաղերի չեմպիոն բրիտանացի թենիսիստ Էնդի Մարեյը, որն ինքը չի կարող քվեարկել հանրաքվեում, քանի որ արդեն չի ապրում տարածաշրջանում:

 

Քվեարկության համար ավելի քան 2,6 հազար տեղամասեր բացվել են տեղական ժամանակով ժամը 07:00-ին (Երեւանի ժամանակով՝ ժամը 10:00-ին): Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը`նախնական տվյալներով՝ քվեարկությանը կմասնակցի հանրաքվեի ցուցակներում ներառվածների գրեթե 80 տոկոսը: Տեղամասերը կփակվեն տեղական ժամանակով ժամը 22:00-ին, ինչից հետո կսկսվի քվեաթերթիկների հաշվումը:

 

Շոտլանդացիների կամաարտահայտման վերջնական արդունքները կհայտարարվեն սեպտեմբերի 19-ի առավոտյան:

 

Հանրաքվեին մասնակցելու կանոնները նախատեսում են, որ քվեարկել կարող են Շոտլանդիայում մշտապես բնակվողները, այդ թվում՝ Անգլիայուն, Հյուսիսային Իռլանդիայում եւ Ուելսում ծնվածները, որոնք հաստատվել են հյուսիսային երկրամասում: Ընդ որում հանրաքվեին մասնակցելու համար նվազագույն տարիքն իջեցվել է երկու տարով՝ 18-ից մինչեւ 16: Կազմակերպիչները նաեւ տեղեկացրել են, որ հանրաքվեին մասնակցելու համար գրանցված շոտլանդացիների գրեթե հինգերորդ մասը կամ շուրջ 790 հազար մարդ որոշել է քվեարկել փոստով, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: