Ասորական համընդհանուր դաշինքը և Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը դիմել են ԱՄՆ ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսին' ներկայացնելով իրենց մտահոգությունը Իրաքում ասորիների դեմ իրականացվող հալածանքների առիթով:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկաակոչելով ասորական «AINA» գործակալությունը, ամերիկացի կոնգրեսականին ուղղված նամակում հայերը և ասորիները մտահոգություն են հայտնել «Իսլամական պետություն» կազմակերպության կողմից Իրաքի քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացվող հալածանքների վերաբերյալ:

 

Կոնգրեսականի ուշադրությունն է հրավիրվում աքսորի ենթարկված 200 հազար ասորիների խնդրի վրա, ովքեր ստիպված լքել են իրենց քաղաքներն ու գյուղերը:

 

Կոչ է արվում ՄԱԿ-ի պաշտպանությամբ անվտանգություն ապահովել Նինվեի դաշտավայրում, պաշտպանական նպատակով տեղական ասորական ուժեր ստեղծել և մարդասիրական օգնություն ցուցաբերել:

 

Նամակն ստորագրել են Ասորական համընդհանուր դաշինքի Ամերիկա մայրցամաքի հարցերով քարտուղար Կառլո Գանջեն և Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը: