Գլենդեյլաբնակ Ռաֆայել Փարսադանյանն այս շաբաթ վեց տարվա ազատազրկման է դատապարտվել դաշնային բանտում' 2 միլիոն դոլարի շորթման մեջ ներգրավված լինելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Glendale News-Press-ը, ենթադրվում է, որ Փարսադանյանը ԱՄՆ-ում գործող «Armenian Power» հանցավոր խմբավորման անդամ է:

 

Վեց տարվա բանտարկությունից հետո նա ևս հինգ տարի վերահսկողության տակ է գտնվելու: Ամբաստանյալը 14 կետով մեղավոր էր ճանաչվել ապրիլին' բանկային մեքենայությունների համար:

 

Դատախազները նշել են, որ նույն մեղադրանքով դատապարտվել է նաև Մհեր Դարբինյանը, ով հանցագործության կազմակերպիչն է եղել: Դարբինյանը և Փարսադանյանը հազարավոր զոհերի մասին գողացված տեղեկատվություն են հաղորդել հանցախմբի մյուս անդամներին, ովքեր կեղծ վարկային քարտեր օգտագործելով' ավելի քան 2 մլն դոլար գումար են շորթել նրանց բանկային հաշիվներից:

 

Հանցախումբը բաղկացած է եղել 90 անձից, որոնց մեծ մասը դատապարտվել է դեռ 2011 թվականին: