Կիբերհանցագործությունները տարեցտարի ավելի լայն տարածում են գտնում ամբողջ աշխարհում: Օրեցօր կատարելագործվում են դրանց կատարման եղանակները, և այս ամենից անմասն չէ նաև Հայաստանը: Այս մասին սեպտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Տիգրան Պետրոսյանը:

 

«Կարելի է փաստել, որ Հայաստանի Հանրապետությունում կիբերհանցավորության դեմ համակարգված պայքարը ոստիկանության կողմից սկիզբ է առել 2008թ., երբ կամզակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կազմում ստեղծվեց բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի մասնագիտական բաժինը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտնեց Պետրոսյանը՝ ընդգծելով, որ դրա հիմնական նպատակն էր ապահովել համակարգչային անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման արդյունավետությունը:

 

Նրա խոսքով' համակարգչային անվտանգության դեմ հանցագործությունների վերաբերյալ 7 հոդվածները ներառված են ՀՀ քրեական օրենսգրքի 24-րդ գլխում, և այդ հանցագործությունների բացահայտումը, կանխումը և կանխարգելումը բաժնի հիմնական խնդիրներն են:

 

Ներկայացնելով վիճակագրական տվյալներ՝ Պետրոսյանը նշեց, որ 2013-2014թթ. ընթացքում արձանագրվել է կիբերհանցագործության 103 դեպք: «Եթե ավելի մանրամասնենք, ապա արձանագրվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակության 52 դեպք, համակարգչային տեղեկատվության համակարգ առանց թույլտվության ներթափանցելու մեկ դեպք, համակարգչային տեղեկատվությունը փոփոխելու մեկ դեպք, համակարգչային սաբոտաժի 9 դեպք, համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու 11 դեպք և վնասաբեր ծրագրեր մշակելու և տարածելու 8 դեպք:

 

Երկու դեպք 2013թ. արձան ագրվել է համակարգչային համակարգի միջոցով մանկական պոռնոգրաֆիա ներկայացնելու կամ պահպանելու վերաբերյալ»,- նշեց Պետրոսյանը: