Հայկական զինված ուժերում պակասել է միջանձնային վեճերի արդյունքում զոհվող զինծառայողների թիվը: Այս մասին ԵՊԼՀ ուսանողների հետ հանդիպման ընթացքում, սեպտեմբերի 19-ին նշեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը: Նա ընդգծեց, որ պաշտպանության նախարարությունն ամեն ինչ անում է բանակում նման խնդիրները բացառելու ուղղությամբ:

 

«Երբեմն բացասական երևույթներ են տեղի ունենում բանակում, որոնց թիվ մեկ պատասխանատուն մենք ենք: Բայց մենք չպետք է թույլ տանք, որ արատավոր բարքերը ներխուժեն զինված ուժեր, գոյություն ունենան ուսումնական հաստատություններում:

 

Բանակի ներսում խնդիրները վերացնելու առնչությամբ բազմաթիվ աշխատանքներ ենք կատարել: Մենք նվազագույնի ենք հասցրել հանցավորությունը, այս տարի նմանատիպ միջանձնային խնդիրների շատ քիչ դեպքեր են գրանցվել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Արա Նազարյանը:

 

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի խոսքով՝ խիստ հսկողության ներքո են պահվում դժվար դաստիարակվող զինծառայողները: «Նախարարը խստագույն կեպով պատժում է բոլոր մեղավորներին: Խնդրի դեմ համապարփակ պայքար է գնում: Բավական աշխատանք է տարվում այս ուղությամբ և արվում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի զերծ մնանք արատավոր երևույթներից»,- նշեց նա: