Ռուսաստանի Դաշնության կառավարությունը քննարկում է Մաքսային Միությունում ոգելից խմիչքների շրջանառության սահմանափակման հնարավորությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը:

 

Նա նշել է, որ թեպետ վերջին շրջանում Ռուսաստանում ոգելից խմիչքի վաճառքի ծավալը մեծացել է, այդուհանդերձ, դրանից գանձվող ակցիզային հարկերը նվազել են: «Դա կապված է այն բանի հետ, որ ալկոհոլի մեծ ծավալներ ներմուծվում են Ղազախստանից, որտեղ ակցիզային հարկը զգալիորեն ցածր է: Եթե Բելառուսն ու Ռուսաստանն ունեն գրեթե հավասար ալկոհոլային ակցիզներ, ապա Ղազախստանում դրանք մի կարգով ցածր են»,- ասել է Սիլուանովը:

 

Նշելով, որ այժմ Մաքսային միության տարածքում հնարավոր է առանց սահմանափակումների ալկոհոլով բեռնատարներ փոխադրել' Սիլուանովը տեղեկացրել է, որ կառավարությունում իրականացված քննարկումների արդյունքում որոշում է կայացվել հարևան երկրներից ալկոհոլի ներմուծման վրա որոշակի սահմանափակումներ մտցնել: