Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդարացի լուծումը բոլորի նպատակն է, իսկ դա հնարավոր է միայն քաղաքագիտական և դիվանագիտական հարթության մեջ, բանակցությունների միջոցով: Այս մասին Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի ժամանակ փակման խոսքում նշեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: «Պատերազմը դեռ չի ավարտվել:

 

Այն պսակվել է մեր փայլուն հաղթանակն արձանագրված զինադադարով, իսկ այսօր մեր հայրենիքի սահմաները պահպանում է հայկական մարտունակ և անպարտելի բանակը»,- «Ամրմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Սերժ Սարգսյանը:

 

Նա վստահություն հայտնեց, որ ցանկացած հայ հպարտ է այսպիսի հզոր և մարտունակ բանակ ունենալու համար, որը կազմակերպվածության օրինակ է ծառայում բոլորի համար: «Համոզված եղեք, որ մեր բանակը կկանխի ցանկացած ոտնձգություն հայրենիքի նկատմամբ, երբեք չի ընկրկի և վստահաբար կպաշտպանի երկու անկախ հայկական պետությունների սահմանները»,- շեշտեց ՀՀ Նախագահը:

 

Նա նաև ընդգծեց, որ Հայաստանը, Արցախը և Սփյուռքը պետք է միասնաբար պայքարեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման և Արցախի Հանրապետությունը միջազգային հանրության լիիրավ անդամ դարձնելու համար: