Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը՝ 2015թ.-ն, մեզ համար չպետք է դառնա սգո և ողբի տարի: Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի փակման արարողության ժամանակ իր ելույթում այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: «Մենք դա թույլ չենք տա առաջին հերթին հենց այն պատճառով, որ դա է եղել մեզ կոտորողների երազն ու ցանկությունը՝ մեզ վերածել վտարանդի, քոչվոր, լափող, ողբացող մարդկային զանգվածի՝ զրկե լով մեզ ժողովուրդ կոչվելու շնորհից և հայրենի տուն ունենալու հնարավորությունից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Սարգսյանը:

 

Նախագահի աշխատակազմի ղեկավարը ընդգծեց, որ նրանք չաչաչար սխալվել են իրենց հաշվարկներում, քանի որ աշխարհով մեկ սփռված հայությունը քոչվոր չդարձավ, մուրացկան չդարձավ, չբարոյազրկվեց, այլ համախմբվեց, ինչպես կարող է համախմբվել իմաստուն ժողովուրդը: «Ի՞նչ իմանային Էնվերն ու Թալեաթը, որ հայկական այգին ավերելով, աշխարհով մեկ են ցրում մի այնպիսի սերունդ, որից պիտի ծնվեին համաշխարհային մեծություններ, մարդիկ, ովքեր ակամայից պիտի դառնային հայոց դեսպաններ' դեսպաններ, որ պետություն չունեցող մի ժողովուրդ էին ներկայացնում, որ աշխարհին ասելու և տալու բան ունեին: Ի՞նչ իմանային նրանք, որ հայության իրենց կտրած ծառը վերաբողբոջելու է՝ ծաղկելով Արամ Խաչատրյաններով, Շառլ Ազնավուրներով, Հովհաննես Բաղրամյաններով, Վիլյամ Սարոյաններով: Եթե իմանային, հաստատ երկու անգամ կմտածեին դա անելուց առաջ»,- շեշտեց Վիգեն Սարգսյանը:

 

Նրա խոսքով' համազգային ողբերգությունը չի կոտրել հայությանը, այլ կոփել և ուժեղացրել է: «Այն համախմբեց և մեզ բազմազան դարձրեց, այն ամրապնդեց հայկական ընտանիքը, ամրացրեց հայկական աշխարհի ներքին կապերը: Մենք սովորեցինք լինել մեկս մյուսին սատարող: Հայաստանի առաջին Հանրապետությունը, հայրենադարձության երեք խոշոր ալիքներ ընդունած Խորհրդային Հայաստանը և մեր ժողովրդի դարերի երազանք՝ վաղը 23 տարեկան դարձող Հայաստանի անկախ հանրապետությունը դարձան հայապահպանության հզոր կենտրոններ, դարձան հայրենիք, որի շուրջ ամուր կանգնեց և հայացքը դեպի ապ ագա հառեց տարագիր հայ ժողովուրդը: Դա արհավիրքը վերապրած ու արյան ծովի միջից ապագային մարտահրավեր նետող հինավուրց ժողովրդի ապրելու հաստատուն մտադրության մասին վկայող հայացք էր»,- ասաց Սարգսյանը:

 

Նա ընդգծեց, որ Ծիծեռնակաբերդի բարձունքում ոգեկոչման ավանդական ծեսերին զուգընթաց հայ ժողովուրդը մեծարելու է նաև մեր ժողովրդին բարձրացնողներին և ճանաչելի դարձնողներին, տոնելու է անցնող հարյուրամյակի ձեռքբերումներն ու հաջողությունները:

 

Որպես Ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, հայերն ունեն առաքելություն: Վիգեն Սարգսյանը նշեց, որ հայ ժողովրդին՝ իբրև առաջինը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին պետության զավակների, լավ է հայտնի խաչ կրելու և խաչ բարձրանալու կորուստը: «Մեր տառապանքն ու ողբերգությունը ևս մեր պատմության անբաժանելի մասն են՝ մեզ տրված խաչը: Խաչ կրելը պատահական մեկի գործ չէ. այն տրված է ընտրյալներին:

 

Դա հասկանում են նաև մեզ բնաջնջելու երազանք փայփայողները: Հենց դա է պատճառը, որ փրփուրը բերաններին պատմություններ են մոգոնում չեղած ցեղասպա նությունների և ռազմական հանցագործությունների մասին, որոնք իբր եղել են Արցախյան պատերազմի տարիներին: Դրա նպատակը մեկն է՝ փորձել սահմանափակել Ցեղասպանության մասին խոսելու մեր հնարավորությունները: Ակնհայտ է՝ իզուր են անում: Կարճատև ինքնախաբեությունից այն կողմ արդյունքի չեն հասնելու: Ունենալով պետություն և ներկայացված լինելով միջազգային կառույցներում՝ այսօր մենք հպարտությամբ ենք կրում ցեղասպանությունների դեմ պայքարելու մեր խաչը»,- նկատեց Վիգեն Սարգսյանը:

 

ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարն ընդգծում է, որ Հայաստանի Հանրապետությունը ցեղասպանություն հանցագործության դեմ միջազգային պայքարի առաջամարտիկներից է այլևս: Նա նկատեց, որ մեր պարտքն է անընդհատ հիշեցնել մարդկությանը, որ ճանաչումը, կանխարգելումը, դատապարտումը և պատիժն այդ պայքարի կարևորագույն ու անքակտելի գործոններն են: Նա ընդգծեց, որ հաջորդ տարի Հայաստանը դառնալու է ցեղասպանություն հանցագործության դեմ պայքարի միջազգային գլխավոր հարթակը: Հայաստանը հյուրընկալելու է կարևորագույն միջազգային միջոցառումներ, որոնք դառնալու են այդ պայքարի առանցքը: