Էստոնիայի խորհրդարանում' Ռիյգիկոգուում, սեպտեմբերի 19-ին ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր ընդունելություն' ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հատկանշական է, որ Էստոնիայի խորհրդարանում առաջին անգամ տեղի է ունեցել օտարերկրյա պետության ազգային տոնին նվիրված միջոցառում:

 

Ընդունելությանը ներկա են եղել Էստոնիայի Ռիյգիկոգուի նախագահի առաջին տեղակալ Լայնե Ռանդյարվը, Էստոնիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի նախագահ, խորհրդարանի ազգային պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Մատի Ռայդման, օրենսդիր մարմնի այլ անդամներ, դիվանագետներ, քաղաքական, հասարակական և ակադեմիական շրջանակների, ինչպես նաև Էստոնիայի հայ համայնքի ներկայացուցիչներ:

 

Ընդունելությանը ողջույնի խոսքով հանդես են եկել Էստոնիայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը (նստավայրը' Վիլնյուս) և Էստոնիայի Ռիյգիկոգուի նախագահի առաջին տեղակալ տիկին Լայնե Ռանդյարվը:

 

Դեսպան Այվազյանը շնորհակալական խոսքեր է ուղղել Էստոնիայի Ռիյգիկոգուի ղեկավարությանը' ՀՀ ազգային տոնի կապակցությամբ կազմակերպված ընդունելությունը հյուրընկալելու համար:

 

Դեսպանն իր խոսքում անդրադարձել է նաև հայ-էստոնական հարաբերությունների պատմությանը' նշելով դրանց հետագա զարգացման կարևորությունը: