Համաձայն Գեղարքունիքի մարզի բնակչության պաշտպանության համակարգի նախապատրաստման 2014 թվականի հիմնական միջոցառումների պլանի՝ սեպտեմբերի 19-ին անցկացվեց հրմանատարաշտաբային ուսումնավարժանք՝ «Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը սողանքների ակտիվացման ժամանակ» թեմայով:

 

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ' ըստ պայմանական իրավիճակի' Գեղարքունիքի մարզի Գետիկ եւ Թթուջուր համայնքներում տեղացած առատ անձրեւների պատճառով կտրուկ ակտիվացել են սողանքները, ինչի հետեւանքով քանդվել է 11 առանձնատուն, 7-ը ենթարկվել են ձեւախախտման, անօթեւան է մնացել 85 մարդ, վնասվել են համայնքային եւ հարակից համայնքները սնուցող էլեկտրագծերը:

 


Հրամանատարաշտաբային ուսումնավարժանքը ղեկավարում էր Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Կարեն Հակոբյանը: «Շտաբային վարժանքների նպատակը կառավարման մարմինների եւ տարբեր կազմակերպությունների միջեւ փոխհամագործակցության կատարելագործումն է»,- ասաց Արտակարգ իրավիճակների նախարարության Գեղարքունիքի մարզային փրկարար վարչության պետ, գնդապետ Էդիկ Գալստյանը:

 

Իսկ պետի տեղակալ Հայկ Աբրահամյանն իր խոսքում նշեց, որ աղետների դեպքում համագործակցված աշխատանք պետք է կատարվի մարզի արտակարգ իրավիճակների վարչության, բնակչության տարհանման հանձնաժողովների, մարզպետարանի քաղաքաշինության, առողջապահության եւ մյուս վարչությունների, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, համայնքապետարանների եւ մյուս համապատասխան կառույցների կողմից: Վերջիններս պետք է մշակեն նման իրավիճակների դեպքում իրականացվող աշխատանքների կոնկրետ քայլերի ծրագիր:

 

Ուսումնավարժանքն անցկացվեց 2 փուլով: Ներկայացվեցին համապատասխան զեկույցներ: Թթուջուր համայնքում տիրող պայմանական իրավիճակի մասին տեղում զեկուցեց համայնքի ղեկավար Վիգեն Սահակյանը:

 

Խոսրով Խլղաթյան