Կապանի քաղաքապետին կից երիտասարդական խորհրդի նախաձեռնությամբ, սեպտեմբերի 19-ին Կապանում նշվեց Քաղաքացիական հասարակության օրը:

 

Քաղաքի մշակույթի կենտրոնի ճեմասրահում կազմակերպված ՔՀԿ-ԷՔՍՊՈ միջոցառումը, որին մասնակցում էին քաղաքում գործող մոտ մեկ տասնյակ ՀԿ-ներ, կրում էր «Երկխոսություն հանուն փոփոխության… Միասին նշենք Քաղաքացիական հասարակության օրը՝ ունենալով մեր ներդրումը...» խորագիրը: Այստեղ յուրաքանչյուր կազմա կերպություն ուներ իր տաղավարը եւ ներկայացնում էր իր առաքելությունը, նպատակներն ու գործունեությունը:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ' միջոցառման սկզբում ընթերցվեց դասախոսություն քաղաքացիական հասարակության մասին: Միաժամանակ կազմակերպվեց «Ֆոնդահայթայթում դրսում» միջոցառումը, որի արդյունքում մասնակից ՔՀԿ-ներից տեղում ձեւավորված հանձնաժողովը հանգանակությունից գոյացած գումարը նպատակաուղղեց համաքաղաքային նշանակության մեկ խնդրի լուծմանը:

 

«Մենք կարող ենք համախմբվել եւ ապացուցել, որ մեր քաղաքի խնդիրները հնարավոր է լուծել քաղաքացիական հասարակության միասնականությամբ», - իր ելույթում ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ Սյունիքի մարզային կազմակերպության պատասխանատու Հրայր Խաչատրյանը:

 

Միջոցառման վերջում անցկացվեց ֆլեշմոբ: ՔՀԿ-ների ներկայացուցիչները օրվա խորհուրդը կրող պաստառներով մշակույթի կենտրոնից քայլելով հասան Սյունիքի մարզպետարանի հարակից Գարեգին Նժդեհ հրապարակ, որտեղից էլ' Կապանի քաղաքապետարանի հարակից զբոսայգի:

 

Քաղաքացիական հասարակության օրվան նվիրված միջոցառումներ ացկացվեցին նաեւ Սյունիքի Մեղրի, Գորիս քաղաքներում:

 

Գոհար Իսախանյան