Արարատ մարզի քաղաքային եւ գյուղական համայնքերում մեծ շուքով կնշվի ՀՀ անկախության 23-րդ տարեդարձը: Գլխավոր միջոցառումը եւ համերգային ծրագիրը տեղի կունենա Արտաշատի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում, որին ներկա կլինեն մարզային կառույցի ղեկավարները, մտավորականներ, հյուրեր:

 

Մարզի Արարատ քաղաքում Վազգեն Սարգսյանի արձանի մոտ տեղի կունենա հանդիսավոր արարողություն, որին կմասնակցեն քաղաքպետարանի աշխատողները' քաղաքապետ Հայկ Հայկյանի գլխավորությամբ, ինչպես նաեւ մտավորականներ, հյուրեր քաղաքի հանրակրթական եւ երաժշտական դպրոցներից, ուժային կառույցներից :

 

Ինչպես ամեն տարի, այդ օրը եւս ծաղկեպսակներ կդրվեն Սպարապետի հուշարձանին, կկազմակերպվի տոնական համերգ: Բազմաբովանդակ միջոցառումներ կլինեն նաեւ Վեդիում եւ Մասիսում:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ Քրիստինե Խաչատրյանը, անկախության տոնը հետաքրքիր արարողությամբ կսկսի Արարատ գյուղը' Սպարապետի ծննդավայրը: Գյուղի դպրոցականները, ինչպես նաեւ պատանի երկրապահները' զինղեկերի գլխավորությամբ, կայցելեն Սպարապետի տուն-թանգարան:

 

Կհնչեն ռազմահայրենասիրական երգեր: Երկրապահներն այդ օրը կայցելեն նաեւ Վազգեն Սարգսյանի ծնողներին: Զինվորական հադիսավոր տողանով կսկսի անկախու թյան միջոցառումը Սպարապետի անունը կրող զորամասը, որին կհաջորդի զինվորականների խոնարհումը, պսակների ու ծաղիկների դրման արարողությունը Սպարապետի կիսանդրու մոտ: Համանման միջոցառում կկազմակերպվի նաեւ Արտաշատի Կապի ուսումնական զորամասում:

 

Քաղաքային եւ զինվորական կառույցներից հետ չեն մնա նաեւ գյուղական համայնքները: Բուրաստան համայնքում կանցկացվեն սպորտային խաղեր, կարատեի, բազկամարտի մրցումներ, հանդես կգա «Բուրաստան» պարային համույթն իր նոր համարներով, կհնչեն հայրենասիրական թեմաներով կատարումներ, կմեծարեն նաեւ այդ համայնքի ազատամարտիկներին:

 

Մարզի դպրոցներում անկախության 23-րդ տարեդարձի միջոցառումների մեկնակը տրվել է շաբաթվա սկզբում, եւ իր տրամաբանական շարունակությունը կունենա նաեւ հաջորդ շաբաթվա ընթացքում: Սեպտեմբերի 21-ին Արարատի մարզի չորս քաղաքային եւ գյուղական համայնքներում տեղի կունենան համերգային ծրագրեր, ծաղկեդրման արարողություններ, տոնական հրավառություն:

 

Լիլիթ Մաճկալյան