Հայաստանը պատրաստ է զարգացնել և առավել խորացնել հարաբերությունները Եվրոպական Միության հետ և գնալ այնքան հեռու, որքան դրան պատրաստ է ԵՄ-ն:

 

Այս մասին Հայրենիք-Սփյուռք 5-րդ համաժողովի մասնակիցների հետ հանդիպմանը նշեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով ներկաներից մեկի հարցին, թե որքանով ԵՏՄ-ին անդամակցությունը կխանգարի Հայաստանին' ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացմ անը: «Մենք միշտ ասել ենք, որ պատրաստ ենք խորացնել, զարգացնել, ամրապնդել հարաբերությունները Եվրամիության հետ, գնալ այնքան հեռու, որքան դրան պատրաստ է Եվրամիությունը:

 

Սակայն դա չպետք է լինի ի հաշիվ Ռուսաստանի հետ մեր դաշնակցային, ռազմավարական հարաբերությունների և ոչ ի հաշիվ այլ ինտեգրացիոն գործընթացներում ներգրավված լինելու մեր ցանկության»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շեշտեց նախարարը:

 

Նա հիշեցրեց, որ երբ Հայաստանը անցած տարվա սեպտեմբերի 3-ին հայտարարեց ՄՄ-ին անդամակցելու ցանկության մասին, 10 օր անց Երևանում անցկացվել է Եվրամիության Արևելյան գործընկերության նախաձեռնությամբ արտաքին գործերի նախարարների հանդիպումը: «Եվ այդ ժամանակ Եվրամիությունից ներկա բարձր պաշտոնյաների ներկայությամբ ես նույն բանն ասացի: Նրանք էլ քաջ տեղյակ էին, որ այդպես է եղել նախաձեռնությունից առաջ և ամբողջ բանակցային ընթացքում և այսօր, ուստի, որևէ մեկն այլ կարծիք չուներ»,- նկատեց նախարարը:

 

Նալբանդյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ Հայաստանը և ԵՄ-ն Վիլնյուսում համատեղ հայտարարություն են ընդունել համագործակցությունը փոխադարձ հետքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում շարունակելու համար, որում ընդգծված են համագործակցության ուղիները և հետագա անելիքները: