Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ուղերձում ասված է.


«Մեծարգո Սերժ Ազատի,
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ եւ մեր ողջ ժողովրդին Անկախության տոնի առթիվ:
Սեպտեմբերի 21-ը պատմական ու հիշարժան օր է համայն հայության կյանքում: Այն նշանավ որվեց որպես հայոց պետականության վերածննդի օր, ինչի համար մեր ժողովուրդը շատ է պայքարել:

 

Սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու, հայրենի հողում ազատ ու անկախ ապրելու ձգտումը միշտ ուղեկցել է մեր նախնիներին, դարձել գերագույն նպատակ եւ ազգային ինքնության պահպանման ու գոյատեւման միակ ուղին:


Եվ արդեն 23 տարի է, ինչ մենք ընթանում ենք այդ ճանապարհով' ազգովի հաղթահարելով բոլոր դժվարություններն ու կերտելով փառավոր հաղթանակներ: Այդ հաղթանակները մենք ձեռք ենք բերել անասելի զրկանքների ու կորուստների գնով, ինչն էլ պարտավորեցնում է մեզ մի շտ լինել զգոն ու աչալուրջ, համատեղ ու միասնական ջանքերով օր օրի ամրապնդել ու զորացնել հայոց անկախ պետականությունը:

 

Հայաստանը եւ Արցախը հանդիսանում են համայն հայության հայրենիքը, եւ նրանց զարգացումն ու բարգավաճումը պատվի ու արժանապատվության խնդիր է յուրաքանչյուր հայի համար:
Վստահ եմ, որ Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնության շնորհիվ մենք այսուհետ էլ կկարողանանք հաջողությամբ լուծել մեր ժողովրդի առջեւ ծառացած խնդիրները եւ արձանագրել նոր ձեռքբերումներ ու հաղթանակներ:

 


Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ ու մեր բոլոր հայրենակից ներին պետական տոնի առթիվ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք' ի բարօրություն Մայր Հայաստանի ու հայ ժողովրդի»: