ՀՀ անկախության 23-րդ տարեդարձի առիթով Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը նոր' Ծնողական փառքի մեդալով պարգեւատրեց տասներեք զավակների հայր Վոլոդյա Մկրտչյանին:

 

Նախագահական նստավայրում պարգեւատրման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում Մկրտչյանը նախ շնորհավորեց հայ ժողովրդին անկախության տոնի առթիվ եւ խաղաղություն մաղթեց աշխարհին, ապա' երախտագիտություն հայտնեց երկրի ղեկավարին' նման պարգեւի արժանացնելու հա մար: «Աշխարհին եւ մեր երկրին մաղթում եմ խաղաղություն, մենք բոլորս պետք է լինենք միասին միասնական, դրա մեջ է մեր ուժը» ,-ասաց պարգեւատրվածը:

 

Վոլոդյա Մկրտչյանի տասներեք զավակներն ունեն բարձրագույն կրթություն: Նրանցից երեքն ավարտել են երկու բուհ, իսկ մեկը' երեք բուհ: Նրա կինը հինգ ամիս առաջ մահացել է, իսկ նա պարգեւատրման էր ներկայացել դուստրերից մեկի հետ:

 

ՀՀ անկախության 23-րդ տարեդարձի առիթով տարբեր բնագավառներում ակնառու նվաճումների և հաջողությունների հասած հիշյալ անձանց Սերժ Սարգսյանն այսօր Նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման արարողության ժամանակ հանձնել է պարգևները, որոնց թվում առաջին անգամ եղել են նաև «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ նոր օրենքով սահմանված մեդալներն ու շքանշանները:

 

Մինչ այժմ սահմանված պետական բարձր պարգևներին ավելացել են Երախտագիտության մեդալը, «Աշխատանքային վաստակի համար» մեդալը, Ծնողական փառքի մեդալը, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանը և Բարեկամության շքանշանը: Սերժ Սարգսյանը շնորհավորել է բոլոր պարգևատրվածներին տոնի և պետական բարձր պարգևներին արժանանալու կապակցությամբ, մաղթել հաջողություններ: