ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ողջունել է Աֆղանստանի նախագահական ընտրությունների վերջնական արդյունքների հայտարարումը, որոնց համաձայն՝ հաղթանակ է տարել Աշրաֆ Ղանի Ահմադզայը, բայց երկրին նախազգուշացրել Է նրա առջեւ ծառացած «լուրջ մարտահրավերների» մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

«Նոր կառավարությունը կբախվի լուրջ մարտահրավերների, եւ ես կոչ եմ անում նորընտիր նախագահին, գործադիր իշխանության ղեկավար Աբդուլա Աբդուլային, ինչպես նաեւ Աֆղանստանի բոլոր քաղաքական գործիչներին՝ արագորեն կազմել ազգային միասնության կառավարություն»,-նշվում Է ՄԱԿ-ի տարածած հայտարարության մեջ: Պան Գի Մունն ասել Է, որ ընտրությունների պաշտոնական ավարտը, ինչպես նաեւ ազգային միասնության կառավարություն ձեւավորելու շուրջ թեկնածուների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունը «երկրի առջեւ ճանապարհ Է բացում դեպի առավել կայուն ու բարգա վաճ ապագա»:

 

Դեռ մինչեւ ընտրությունների արդյունքների հրապարակումը թեկնածուները համաձայնություն են կնքել իշխանական լիազորությունների բաժանման շուրջ, որին համապատասխան՝ Աշրաֆ Ղանի Ահմադզայն զբաղեցրել Է պետության ղեկավարի պաշտոնը: Իր հերթին նրա մրցակիցը՝ արտաքին գործերի նախկին նախարար Աբդուլա Աբդուլան, կգլխավորի գործադիր իշխանությունը եւ փաստորեն կդառնա վարչապետ:

 

Վերջին իրադարձությունների հետ մեծ հույսեր են կապել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Սեպտեմբերի 21-ին մամուլի համար ընդունված հայտարարության մեջ նրա անդամները «հավաստել են Աֆղանստանին աջակցելու վճռականությունը խաղաղության, միասնության, ժողովրդավարության ու զարգացման տանող ճանապարհին»: Նրանք կոչ են արել Աֆղանստանի նոր կառավարությանը՝ «արդյունավետ լուծել երկրի առջեւ ծառացած հիմնախնդիրները», այդ թվում՝ անվտանգության ու պետական կառավարման ոլորտում, մարդու իրավունքների բնագավառում, ինչպես նաեւ կոռուպցիայի ու թմրանյութերի արտադրության դեմ պայքարում, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: