Երևանի քաղաքապետարանում կայացած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ Առևտրի և սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ բացօթյա ապօրինի առևտուրը կանխարգելելու նպատակով սահմանված հսկողությամբ հայտնաբերվել է 5 դեպք, որոնց մասով կազմվել են վարչական արձանագրություններ:

 

Անդրադառնալով ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հետ համատեղ առևտրի և հանրային սննդի օբյեկտներում իրականացված ստուգայցերին՝ զեկուցվել է, որ ուսումնասիրությամբ հայտնաբերված խախտումներով մի շարք տնտեսվարողներ ենթարկվել են վարչական պատասխանատվության:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել աշխատանքներն ու ստուգայցերի արդունքները պարբերաբար ներկայացնել հանրությանը:

 

Մայրաքաղաքի փողոցներում մեքենաների ապօրինի առևտուրը բացառելու նպատակով իրականացված աշխատանքների մասով զեկուցվել է, որ ճանապարհային ոստիկանության հետ համատեղ ձեռնարկված միջոցառումներով նախորդ մեկ ամսվա ընթացքում 180 ավտոմեքենաներից հանվել են վաճառքի մասին գրառումները և այդ ուղղությամբ շարունակվում են տարվել համապատասխան աշխատանքներ: Բացի այդ, նաև զեկուցվել է, որ մայթերին ավտոմեքենաների կայանման 19 դեպք է գրանցվել, որոնց մասով կազմվել են վարչական արձանագրություններ:

 

Հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ հսկողություն իրականացնելու մասով էլ զեկուցվել է, որ այդ աշխատանքներին ներգրավվել ու օրվա տարբեր ժամերին ստուգայցեր են կազմակերպել նաև Նոր Նորք և Աջափնյակ վարչական շրջանների ղեկվարների աշխատակազմերի ներկայացուցիչները:

 

Տրանսպորտային 130 միջոցներում կատարված ուսումնասիրություններով հայտնաբերված խախտումների ուղղությամբ ձեռնարկվել են անհրաժեշտ քայլեր: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել աշխատանքները և գործընթացը պահել մշտական հսկողության ներքո: