Արևմտյան Հայաստանի բոլոր բարբառները վտանգված են: Այս մասին սեպտեմբերի 23-ին լրագրողնեին հայտնեց Մշակույթի նախարարության մշակութային ժառանգության վարչության պետի տեղակալ Երանուհի Մարգարյանը:

 

«Եթե Մուշը, Ալաշկերտը, Խոյը Արևելյան Հայաստանում քիչ թե շատ ունեն կրողներ և պահպանողներ, ապա Քեսաբի, Համշենի, Մուսա լեռան տարածքներում ծագած բարբառները ունեն ավելի սուր խնդիր», - ասաց Հովհաննես Թումանյանի թանգարանի ավագ գիտաշխատող Անի Եղիազարյանը:

 

Խոսելով ցեղասպանության հետևանքով հայաթափ տարածքների և աշխարհով մեկ սփռված հայության մասին' Մշակույթի նախարարության ներկայացուցիչը նկատեց, որ, բացի բարբառներից, էլ ավելի վտանգի տակ են գտնվում բարբառների խոսվածքները:

 

«Այսօր հայերը խոսում են աբեղյանական արևելահայերենով և արևմտահայերենով, որոնք գրական հայերեններն են: Սակայն մարդիկ այլևս չեն գրում բարբառներով, նրանք, ովքեր այսօր պետք է հաղորդակցվեին այդ բարբառներով, չեն հաղորդակցվում, որովհետև չեն ապրում միևնույն տարածքում, չեն հանդիպում իրար»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ`ասաց Երանուհի Մարգարյանը:

 

Անդրադառնալով Հայաստանի Հանրապետությունում տարածված բարբառների վիճակին՝ Երանուհի Մարգարյանը նշեց, որ դրանք նույնպես վտանգված են: Խնդիրն այն է, որ խորհրդային 70 տարիների ընթացքում չէր խրախուսվում բարբառներով խոսելը, ավանդական ժողովրդական մշակույթը հետ էր գնացել, և խորհրդային գաղափարախոսությունը այն համարում էր քաղքենիություն և հետամնացություն: «Դա որոշակիորեն ոչնչացրել է մեր մշակույթը, և մենք այսօր խնդիրներ ունենք մեր մշակույթի բոլոր բնագավառներում: Բանահյուսսությունը միակը չէ, որ վտանգված է, վտանգի տակ են մշակույթի բոլոր բնագավառները», - ափսոսանք հայտնեց Երանուհի Մարգարյանը:

 

Բարբառների նկատմամբ հետաքրքրությունը վերականգնելու նպատակով Մշակույթի նախարարությունը սատարում է ոչ միայն «Երկնքից երեք խնձոր ընկավ...» հեքիաթասացության ու բարբառների պահպանության 6-րդ մրցույթ-փառատոնը, այլ նաև 2011 թ. աջակցում է «Սասնա ծռեր» էպոսին նվիրված ամենամյա մրցույթ-փառատոնի իրականացմանը, որը Հայստանում հինգերրորդ անգամ տեղի կունենա հոկտեմբերին: