Աջարիայի Ինքնավար հանրապետությունում շարունակվում են սաստիկ անձրեւի ու քամու հետեւանքների վերացման աշխատանքները, որոնք Վրաստանի այդ տարածաշրջանը պատուհասել էին սեպտեմբերի 21-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:

 

Մոլեգնած տարերքի հետեւանքով Աջարիայում շարքից դուրս Էին եկել Էլեկտրահաղորդման գծերը, վնասվել էին գազատարներ: Ուժգին քամին պոկել էր բնակելի շենքերի տանիքները եւ տապալել ծառեր: Խելվաչաուրի եւ Քոբուլեթի շրջաններում գրանցվել Էին սողանքներ, իսկ Բաթում եւ Քոբուլեթ քաղաքներում հեղեղվել Էին փողոցները:

 

Վրաստանի վարչապետի հանձնարարությամբ ստեղծված արտակարգ շտաբի ներկայացուցիչները սեպտեմբերի 23-ին պետական անվտանգության եւ ճգնաժամերի կառավարման խորհրդի քարտուղար Մ.Ջանելիձեին ծանոթացրել են տարերքի գոտու իրադրությանը եւ ընթացիկ աշխատանքներին:

 

Մինչդեռ Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության եւ բնապաշարների փոխնախարար Զուրաբ Քոփաձեն հայտնել Է, որ կեսգիշերից հետո եղանակի վատացում Է սպասվում:

 

Նախօրյակին Աջարիա Էր ժամանել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին: Նա հանդիպել Է տարերքից տուժած բնակչությանը: «Աջարիայի կառավարությունը շատ արդյունավետ Է աշխատում: Աշխատանքը ճիշտ Է բաշխված: Բնականաբար մենք կհաղթահարենք ստեղծված իրադրությունը»,-հայտարարել Է Մարգվելաշվիլին:

 

Սեպտեմբերի 22-ից չեն դադարում տարերքի հետեւանքների վերացման աշխատանքները: Բաթումի քաղաքապետարանի համապատասխան ծառայությունները մաքրում են փողոցներն ու առափնյա գոտին, վերականգնողական աշխատանքներ իրականացնում ճանապարհների երթեւեկելի մասում: Քաղաքի հին շրջանում շարունակվում են փողոցային լուսավորման համակարգի վերականգնման աշխատանքները: Բնակելի շենքերի նկուղներից ջրի արտամղման աշխատանքը ենթադրաբար կավարտվի օրվա վերջին:

 

Բաթումի քաղաքապետ Գեորգի Երմակովի խոսքով՝ քաղաքի մի քանի շրջաններում կոյուղու եւ ջրամատակարարման համակարգի վերականգնումը կսկսվի նաեւ հոկտեմբերին: