ՀՅԴ-ն չի հայտարարել, որ վերջնականապես դուրս է գալիս քառյակից, այլ ընդամենը հայտարարել է, որ չի մասնակցելու հանրահավաքին: Այս մասին ՀՀ ԱԺ-ում, ոչ իշխանական եռյակի (ՀԱԿ, ԲՀԿ, «Ժառանգություն») հանդիպումից հետո լրագրողների հեռ զրույցում նշեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ինչ է արվում, որպեսզի առաջիկայում էլ նոր կորուստներ չլինեն:

 

«Մենք հիմա էլ կորուստներ չունենք: ՀՅԴ-ն չի հայտարարել քառյակից դուրս գալու մասին: Առաջիկայում էլ կորուստներ չենք ունենա, որովհետև երեք քաղաքական ուժերն արդյունավետ աշխատում են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Հակոբյանը:

 

Նա հիշեցրեց, որ ՀՅԴ իրենց գործընկերները հստակ բացատրել են, թե ինչու չեն մասնակցում հանրահավաքին: Խմբակցության ղեկավարի խոսքով՝ մնացած հարցերում ՀՅԴ-ն շարունակելու է համագործակցել իրենց հետ: «Հիշեցնեմ, որ հանրահավաքի ժամանակ մենք ամփոփելու ենք քառյակի ներկայացրած 12 կետերի կատարման արդյունքները, որին միանում է նաև ՀՅԴ-ն, իսկ այդ ամփոփման տեքստը մենք քննարկելու ենք նաև ՀՅԴ-ի հետ»,- ընդգծեց Հակոբյանը: