Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Թուրքիային դատապարտող 3 որոշում է կայացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական TRT Haber-ը:

 

Դատարանը նախ բավարարել է Վանի բնակիչ Համդի Աթիմանի հայցը, ով 2008 թվականին բենզին գողանալու կասկածով հարձակման ենթարկվել և վիրավորվել էր թուրքական ժանդարմերիայի կրակոցից: ՄԻԵԴ-ի կայացրած վճռում նշվել է, որ Աթիմանի նկատմամբ ծայրահեղ ուժ է կիրառվել և խախտվել է նրա ապրելու իրավունքը: Քանի որ հայցվորը որևէ պահանջ չէր ներկայացրել, Թուրքիան նրան որևէ տուգանք չի վճարելու:

 

Հաջորդ դատական գործը հարուցել էր ներկայում Գերմանիայում բնակվող Ջևաթ Սոսյալը, ում նկատմամբ 1999 թվականին Թուրքիայում դատական վարույթ էր սկսվել Քրդական բանվորական կուսակցության անդամը լինելու մեղադրանքով: Արդյունքում Սոսյալը դատապարտվել էր18 տարի և 9 ամիս ազատազրկման: Նա 2008 թվականին պայմանական ազատ էր արձակվել և անմիջապես մեկնել Գերմանիա: ՄԻԵԴ-ը վճռել է, որ Թուրքիան խախտել է արդար դատավարության իրավունքը և պարտավորեցրել է վճարել հայցվոր կողմին 10 հազար եվրո բարոյական փոխհատուցում:

 

Նույնքան տուգանք ՄԻԵԴ-ը սահմանել է նաև Մահմուդ Սեզերի գործով' մեղադրելով Թուրքիային իր քաղաքացու' Եվրոպայի մարդու իրավունքների համաձայնագրով նախատեսված սեփականության իրավունքը խախտելու մեջ: