Ներկայումս Հյուսիսատլանտյան դաշինքը չի դիտարկում վերադարձը Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հարաբերությունների նախկին ձևաչափին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Նորվեգիայի հեռագրական բյուրոյին տված հարցազրույցում հայտնել է երկրի կառավարության նախկին ղեկավար Ենս Ստոլտենբերգը, որը հոկտեմբերի 1-ին պաշտոնապես կզբաղեցնի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը՝ փոխարինելով դանիացի Անդերս Ֆոգ Ռասմուսենին:

 

«Նախկին ձևաչափին վերադառնալու տարբերակը չի դիտարկվում,- հայտարարել է Ստոլտենբերգը:- Ռուսաստանի կողմից որոշում է ընդունվել ավելի ագրեսիվ դիրք բռնել: Ուստի մենք չենք կարող շարունակել գործընկերության ամրապնդումը Ռուսաստանի հետ, ինչպես որ հույս ունեինք ավելի վաղ»:

 

Նորվեգացի քաղաքական գործիչն ընդգծել է, որ Ուկրաինայի իրադրությունն իր գլխավոր գերակայությունն է դառնալու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնն ստանձնելուց հետո, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: