Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավորի մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած թեկնածուների թիվը չորսն է: Թեկնածություն առաջադրելու վերջնաժամկետն այսօր է, մինչև ժամը 18:00-ն: Մինչ վերջնաժամկետը ՀՀ արդարադատության նախարարությունը հրաժարվում է հրապարակել թեկնածուների անունները: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանն ասաց, որ բոլոր չորս թեկնածուներն էլ չեն ցանկացել, որ իրենց անունը հրապարակվի: Ըստ Խաչատրյանի՝ թեկնածուների անունները կհրապարակվի սահմանված կարգով' համաձայն ընթացակարգի:

 

ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի մրցույթի մեկնարկը տրվել էր 20 օր առաջ: Դատավորի ընտրության չափանիշները հստակ ամրագրված են և մրցույթի վերջնաժամկետից հետո Մրցութային հանձնաժողովը կրկին կհանդիպի և հարցազրույցների միջոցով կընտրի երեք թեկնածուի, որոնցից մեկն էլ հետագայում ընտրվելու է ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավոր:

 

Ստրասբուրգում սեպտեմբերի 29-ին մեկնարկող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նստաշրջանում Վեհաժողովի պատգամավորները փակ, գաղտնի քվեարկությամբ պետք է ընտրեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության դատավորին: Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովն ունի հետևյալ կազմը. Սահմանադրական դատարանի նախագահ (համաձայնությամբ), Վճռաբեկ դատարանի նախագահ (համաձայնությամբ) , ՄԻԵԴ-ում ՀՀ դատավոր (համաձայնությամբ), Մարդու իրավունքների պաշտպան ( համաձայնությամբ), ՀՀ արդարադատության նախարար, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ (համաձայնությամբ), Արդարադատության ակադեմիայի ռեկտոր (համաձայնությամբ), «Հայաստանի Հանրապետության դատավորների միություն» հասարակական կազմակերպության նախագահ: Ըստ ԵԽԽՎ ընթացակարգերի՝ Հայաստանը Վեհաժողովին պետք է ներկայացնի ՀՀ դատավորի 3 թեկնածուի անուն՝ ձևաթղթի վրա, որոնցից էլ փակ գաղտնի քվեարկությամբ Վեհաժողովի պատգամավորները պետք է ընտրեն. անցնում է ձայների պարզ մեծամասնությունը ստացած թեկնածուն: