Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Նյու Յորքում Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ կայացած հանդիպումից հետո հայտարարել է, որ Իրանը եւ միջազգային միջնորդների «վեցյակը» «դեռ երբեք այսքան մոտ չեն եղել» միջուկային հարցի շուրջ գործարքի կնքմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 26-ին հաղորդել է Reuters գործակալությունը:

 

«Նախկինում երբեք մենք այսքան մոտ չենք եղել գործարքը կնքելուն, որքան այժմ: Բայց ճշմարիտ է, որ բանակցությունների եզրափակիչ փուլն ամենաբարդն է: Եկել է այդ հակամարտությանը վերջ դնելու ժամանակը: Հուսով եմ, որ Իրանը, ելնելով աշխարհի եւ Մերձավոր Արեւելքի իրադրությունից, գիտի եւ զգում է, որ բանակցությունների ձախողումն այժմ պարզապես անթույլատրելի է»,- հայտարարել է Շտայնմայերը:

 

Սեպտեմբերի 25-ին Իրանի նախագահը հույս է հայտնել, որ Իրանի եւ «վեցյակի» միջեւ համաձայնությունը կարող է ձեռք բերվել «կարճ ժամանակում»: Ռոուհանին նաեւ նշել է, որ Իրանը կշարունակի խաղաղ միջուկային ծրագիրը, ներառյալ ուրանի հարսացումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: