ՀՀ առողջապահության նախարարությունը մշտապես կարևորում է հանրային առողջապահության ծրագրերի իրականացումը: Այս շեշտադրումն է կատարել ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը'Հայաստանի Հանրապետությունում աղի ֆտորացման ծրագրի իրականացման թեմայով բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ամերիկահայ ատամնաբույժ Ջեկ Սարոյանի և նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ քննարկման ընթացքում:

 

Ջեկ Սարոյանը նշել է, որ Հայաստանում ֆտորացման ծրագրի ներդրման նապատակով իր կողմից հետազոտություններ են կատարվել դեռևս յոթ տարի առաջ: Նա վստահ է, որ դրա ներդրումը Հայաստանում կնպաստի երեխաների շրջանում բերանի խոռոչի առողջության բարելավմանը' մասնավորապես կարիեսի կանխարգելմանը:

 

«Աշխարհում ֆտորացումն իրականացվում է երկու եղանակով' ջրի կամ աղի միջոցով, սակայն աղի ֆտորացումն առավել մատչելի կլինի Հայաստանի համար»,- ասել է պրոֆեսորը:

 

Նրա խոսքով' մեր երկրում երեխաների շրջանում կարիեսի տարածվածությունը ատամների ոչ ճիշտ մաքրման, անառողջ սննդի, քաղցրավենիքի չարաշահման արդյունք է:

 

ՀՀ առողջապահության նախարարության Հանրային առողջության բաժնի պետ Հրայր Ասլանյանը ներկայացրել է միջազգային փորձը և Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալները: Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանն առաջարկել է աղի ֆտորացման ծրագրի համար հետազոտություններ իրականացնելու համար խորհրդակցել Հայաստանում երկարամյա գործունեություն իրականացնող միջազգային կազմակերպությունների հետ:

 

Ջեք Սարոյանը և նրա գործընկեր Արմեն Գասպարյանը հավաստիացրել են, որ ԱՄՆ-ում պատրաստ են դրամահավաք իրականացնելու և հավաքագրված գումարն ուղղել Հայաստանում աղի ֆտորացման ծրագրի իրականացմանը:

 

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշել է, որ նախարարությունը պատրաստ է համատեղ իրականացնել հանրային առողջապահության այս ծրագիրը, որի ներդրման համար, սակայն, անհրաժեշտ է կատարել համապատասխան հետազոտություն:

 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում Հայաստանի բնակչության շրջանում ֆտորի միացությունների քանակը որոշելու և գնահատելու նպատակով իրականացնել համատեղ, գիտականորեն հիմնավորված հետազոտություն, որում կներգրավեն նաև Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Յունիսեֆի մասնագետները:

 

Հետազոտության իրականացումից հետո կհստակեցվեն աղի ֆտորացման ծրագրի իրականացման անհրաժեշտությունը և պայմանները: