Պենտագոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ը դաշնակից երկրների հետ 6 կործանիչներով հարվածել է Սիրիայի արևելքում գտնվող նավթային 12 բազաների ուղղությամբ, որոնք գտնվում են ԻԼԻՊ-ի հսկողության տակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այդ թվում ռմբակոծվել է Հասաքե մարզի Դեր Զորում գտնվող աթ Թանակ նավթային բազ ան: Հայտարարության մեջ նշվել է, որ ռմբակոծության 80 տոկոսն իրականացրել են Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիությունների կործանիչները: Կործանիչների թիրախում են հայտնվել նաև ալ Մայադին և Ռակկա քաղաքները, որոնք ծայրահեղականների հենակետերն են:

 

Տեղեկություններ են ստացվել, որ ռմբակոծության հետևանքով 10 քաղաքացիներ և ԻԼԻՊ-ի 6 անդամներ են զոհվել:

 

Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քերբին նշել է, որ դեռ վաղ է խոսել հաղթանակի մասին, կազմակերպությունը շարունակում է ստանալ զենք և գումար նույնիսկ Սիրիայում և Իրաքում ռմբակոծությունից հետո:

 

Սեպտեմբերի 23-ին ԱՄՆ-ը և դաշնակից երկրներն առաջին օդային հարվածներն են ուղղել Սիրիայի տարածքում գտնվող ահաբեկչական խմբավորումների ուղղությամբ: Ռմբակոծություններին մասնակցել են Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Հորդանանը, Բահրեյնը և Քաթարը: Ռմբակոծությունների ժամանակ օգտագործվել են կործանիչներ, հրթիռներ, ռմբակոծիչներ: