ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում սեպտեմբերի 26-ին տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ, որը նվիրված էր զինված ուժերում սպառազինության և ռազմական տեխնիկայի պահպանման, շահագործման և զորքերի տեխնիկական ապահովման վիճակին:

 

Նիստը վարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Հայաստանի և Արցախի զինված ուժերի համագործակցության շրջանակու մ նիստին մասնակցում էին նաև ՊԲ-ի ներկայացուցիչները:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով նիստի մասնակիցներին և ներկայացնելով օրակարգում ներառված խնդիրները' պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ սպառազինության և ռազմական տեխնիկայի համալրման ծրագրերն էական նշանակություն ունեն զինված ուժերի մարտունակության հետագա բարձրացման համար:

 

Պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքերով' աշխարհաքաղաքական ներկա լարված իրավիճակում չափազանց կարևոր է ուշադրություն դարձնել անձնակազմի պատրաստության և սպառազինության, ինչպես նաև ռազմական տեխնիկայի ճիշտ շահագործման հարցերին, քանի որ հակառակորդը ոչ մի առիթ բաց չի թողնում սահմանին լարվածություն ստեղծելու համար:

 

Նախքան օրակարգում տեղ գտած հարցերի քննարկմանն անցնելը Սեյրան Օհանյանը շնորհավորել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանին և ՀՀ ԶՈՒ ինժեներական զորքերի պետ, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանին' ՀՀ Նախագահի հրամանագրերով զինվորական հերթական կոչումներ ստանալու կապակցությամբ:

 

Նիստի ընթացքում զեկույցով հանդես է եկել ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը: Հանգամանալից ներկայացնելով սպառազինության և ռազմական տեխնիկայի պահպանման, շահագործման, զորքերի տեխնիկական ապահովման վիճակը, առկա խնդիրներն ու բարելավման ուղիները, գեներալ-լեյտենանտը փաստեց, որ հաշվետու ժամանակահատվածում ձեռքբերման և վերանորոգման եղանակով ԶՈՒ-ն համալրվել են մարտունակության և անձնակազմի պաշտպանվածության բարձրացմանը միտված սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով:

 

Նշվեց, որ զգալի աշխատանք է տարվե լ դրանց հուսալի և անխափան աշխատանքի ապահովման, զինամթերքի ու ռազմատեխնիկական ունեցվածքի պաշարների կուտակման, ինչպես նաև շահագործող անձնակազմի գիտելիքի և մասնագիտական ունակությունների կատարելագործման ուղղությամբ: Այս ամենից զատ' կանոնակարգվել ու հստակեցվել են սպառազինության ու ռազմական տեխնիկայի օգտագործման, սպասարկման, նորոգման ու պահպանման պահանջները:

 

Հարակից զեկույցներով հանդես են եկել նաև ՀՀ ՊՆ ՆՏԱԴ տեխնիկական ապահովման վարչության պետ, գնդապետ Սերոբ Աբրահամյանը և ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերական վարչության պետ Մուրադ Իսախանյանը, ովքեր ներկայացրին սպառազինության ու ռազմական արդյունաբերության ընդլայնման ուղղությամբ վերջին մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքները, զարգացման ծրագրերն ու համագործակցության խորացման հեռանկարները:

 

Կոլեգիայի նիստը եզրափակվեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ելույթով: Ամփոփելով նիստի աշխատանքները, ի մի բերելով զեկույցներում հնչած փաստերը, հետևություններն ու առաջարկները, ինչպես նաև անդրադառնալով ձմեռվա նախապատրաստական աշխատանքներին' պաշտպանական գերատեսչության ղեկավարն ուղենշեց հետագա ծրագրերը և մի շարք հանձնարարականներ տվեց ոլորտի պատասխանատուներին:

 

Կոլեգիայի նիստին ընդառաջ' պաշտպանության նախարարության վարչական համալիրում կազմակերպվել էր ռազմաարդյունաբերական համալիրի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների կողմից մշակված և թողարկված արտադրատեսակների ցուցադրություն: