ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմը հայտնում է, որ ՀՀ Նախագահի 2014 թվականի օգոստոսի 2-ի ՆՀ-199-Ն հրամանագրով հաստատված կարգի համաձայն, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի մասին հայտարարության հրապարակմանը՝ 2014 թվականի սեպտեմբերի 3-ին, հաջորդող 20 օրվա ընթացքում մրցույթին մասնակցելու համար ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմ է դիմել թվով 14 հավակնորդ, որոնց մի մասին սահմանված կարգի համաձայն ընձեռվել է հնարավորություն սահմանված ժամկետի լրանալուն հաջորդող երեք օրվա ընթացքում վերացնել ներկայացված փաստաթղթերի թերությունները:

 

Նշված եռօրյա ժամկետը լրանում է 27.09.2014 թվականին, որից հետո ներկայացված փաստաթղթերը տրամադրվում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովին 10-օրյա ժամկետում հանձնաժողովի նիստ հրավիրելու նպատակով: Սահմանված կարգի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից նշանակվել է Հանձնաժողովի նիստ, որի օրակարգում ներառված են ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմից ստացված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթին մասնակցելու հավակնորդների ներկայացրած փաստաթղթերի լրիվությունը և համապատասխանությունը որոշելու և մրցույթի հարցազրույցի փուլ անցած անձանց ցուցակի հաստատման հարցը, հարցազրույցի անցկացման օրը, ժամը և վայրը որոշելու, այդ տեղեկատվությունը պաշտոնական կայքերում հրապարակելու, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցներին և հասարակական կազմակերպություններին հասցեագրված՝ հարցազրույցին մասնակցելու սահմանված ընթացակարգի և պայմանների վերաբերյալ ծանուցման տեքստի հաստատման հարցը:

 

Սահմանված կարգի համաձայն' Հանձնաժողովը փաստաթղթային ստուգման ընթացքում, անհրաժեշտության դեպքում կարող է կայացնել որոշում փաստաթղթերի կամ տեղեկությունների հավաստիությունը պարզելու կամ թեկնածուներին ներկայացվող պահանջների գնահատմանը վերաբերող հավելյալ տեղեկություններ պահանջելու մասին, որի պարագայում հանձնաժողովի նիստը հետաձգվում է ողջամիտ ժամկետով, բայց ոչ ուշ, քան տասն օրով: Նման որոշում չկայացնելու դեպքում Փաստաթղթային ստուգման արդյունքներով Հանձնաժողովը հաստատում է մրցույթի հարցազրույցի փուլ անցած անձանց ցուցակը, ինչպես նաև հարցազրույցի անցկացման օրը, ժամը, վայրը, և այդ տեղեկությունները անմիջապես ուղարկում է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմ, որն իր հերթին մեկ օրվա ընթացքում էլեկտրոնային փոստի հասցեներով ծանուցում է մասնակիցներին և ապահովում տվյալների հրապարակումը պաշտոնական կայքերում: Հարցազրույցն անցկացվում է ոչ ուշ, քան հարցազրույցի մասնակիցների ցուցակը հաստատելուց հետո տասնօրյա ժամկետում: Զանգվածային լրատվության միջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները կարող են մասնակցել մրցույթի հարցազրույցի փուլին, եթե հարցազրույցի օրից առնվազն երկու օր առաջ համապատասխան դիմում ներկայացնեն աշխատակազմին: Դրա վերաբերյալ մանրամասները կհրապարակվեն ցուցակը հաստատելուց հետո հրապարակվող պաշտոնական հայտարարության մեջ, որի տեքստը պետք է հաստատի Հանձնաժողովը: Սահմանված ժամկետում դիմած հավակնորդներն են.

 

1. Հակոբ Գեղամի Ղարախանյան – մինչը 2013 թվականը աշխատել է ՀՀ դատախազությունում՝ Լոռու մարզի դատախազ,

 

2. Նելիկ Նիկողոսի Հարությունյան- ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ,

 

3. Դավիթ Մհերի Խաչատուրյան- «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ի պրոռեկտոր, դասախոս

 

4. Վիգեն Վլադիմիրի Քոչարյան- ԵՊՀ եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ, դասախոս

 

5. Եղիշե Գրիգորի Կիրակոսյան- ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական,

 

6. Արմեն Միխաիլի Մելքումյան- «Ֆիդելիթի Քնսալթինգ» փակ բաժնետիրական ընկերության գործընկեր-կառավարիչ

 

7. Արայիկ Գառնիկի Ղազարյան- «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության և «Ֆորում» իրավունքի կենտրոն հասարակական կազմակերպության մասնակից, «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ի դասախոս,

 

8. Դավիթ Լևոնի Հակոբյան - «Հարկ վճարողների համաշխարհային կազմակերպության» (WTA) լիիրավ անդամ, «Հարկ վճարողների և գործարարների իրավունքների պաշտպանության» հասարակական կազմակերպություն' իրավախորհրդատու

 

9. Լիզա Ռաֆիկի Գրիգորյան - Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր,

 

10. Վահե Միշայի Գրիգորյան - փաստաբան,

 

11. Արմեն Շուրայի Հարությունյան - Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցիչ, Ուկրաինայում Մարդու իրավունքների մշտադիտարկման ՄԱԿ-ի առաքելության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, իրավաբանական գիտությունների դոկտոր,

 

12. Արայիկ Միխաիլի Մելքումյան- Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր,

 

13. Նորա Արայիկի Կարապետյան - Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր,

 

14. Արման Ֆրեդերիկի Սարվարյան - Սըրիի միջազգային իրավունքի կենտրոնի տնօրեն, Սըրիի համալսարանի դասախոս:

 

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին