Վրաստանի մայրաքաղաքի օրը՝ «Թբիլիսոբան», այս տարի կնշվի հոկտեմբերի 25-ին եւ 26-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ «Նովոստի-Գրուզիա»-ին հայտնել են Թբիլիսիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունում:

 

«Այս տարի Թբիլիսոբա տոնը ավանդաբար կանցկացվի հոկտեմբերի վերջին՝ ամսվա վերջին հանգստյան օրերին: Դեռեւս վաղ է խոսել ծրագրի մասին: Ներկայում համապատասխան ծառայությունները աշխատում են դրա վրա»,- հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետարանի աշխատակցուհին:

 

«Թբիլիսոբան» Վրաստանի բնակիչների առավել սիրված տոներից մեկն է: Այս տարի մայրաքաղաքի օրը, որը սկիզբ է առնում 1979 թվականի հոկտեմբերից, կնշվի 35-րդ անգամ: Մինչեւ 1988 թվականն այն անցկացվում էր ամեն տարի, 1988-ից մինչեւ 1994 թվականը չէր նշվում հասարակական-քաղաքական իրադրության սրվելու պատճառով, իսկ 1995 թվականին վերականգնվել է: