Նիդեռլանդները պատրաստ է «Իսլամական պետության» դեմ պայքարել Իրաքում, բայց ոչ Սիրիայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ կայացած հանդիպմանը հայտարարել է երկրի վարչապետ Մարկ Ռյուտեն: Նրա խոսքով՝ ահաբեկչական կազմակերպությունը ոչ միայն ապակայունացնում է տարածաշրջանը, այլեւ լուրջ սպառնալիք է ամբողջ աշխարհի համար:

 

«Կարծում եմ՝ միջազգային կոալիցիան պետք է ծայրահեղականների դեմ պայքարի թե Իրաքում, թե Սիրիայում,- ընդգծել է Ռյուտեն:- Սակայն Նիդեռլանդները ահաբեկչական կազմակերպության դեմ կոնկրետ կպայքարի Իրաքում, եւ այստեղ մենք նույն դիրքորոշումն ունենք, ինչ որ Մեծ Բրիտանիան»:

 

Ինչ վերաբերում է Սիրիային, ապա այստեղ, վարչապետի խոսքով, միջազգային իրավունքի խնդիր կա: «Ամերիկացիները գործում են ՄԱԿ-ի Կանոնադրության 51-րդ հոդվածի հիման վրա (որը թույլ է տալիս ուժ կիրառել ինքնապաշտպանության դեպքերում),- նշել է նա:- Մենք ընդունում ենք նրանց դիրքորոշումը, չենք քննադատում նրանց, բայց մեզ համար դա բավարար հիմք չէ Սիրիայի իրադրությանը միջամտելու համար», հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: