Կատալոնիայի կառավարությունը որոշում է ընդունել ենթարկվել Իսպանիայի Սահմանադրական դատարանի որոշմանը և կասեցնել անկախության հանրաքվեի նախապատրաստման արշավը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով EFE գործակալությանը:

 

Իսպանիայի Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 29-ին քննության է առել հիմնական օրենքին Կատալոնիայում նոյեմբերի 9-ին հանրաքվե անցկացնելու մասին հրամանագրի և հարցումների մասին օրենքի անհամապատասխանության վերաբերյալ երկրի կառավարության հայցերը, ինչն ինքնաբերաբար նշանակում է դրանց գործողության կասեցում: Սահմանադրության համաձայն՝ օրենքների գործողությունը սառեցված է հինգ ամսով: Բացի դրանից, կառավարությունը պահանջել է կասեցնել «այդ հարցման նախապատրաստման բոլոր գործողությունները»:

 

Մինչդեռ Կատալոնիայի կառավարության մամուլի քարտուղար Ֆրանսեսկ Հոմսը, ամփոփելով ինքնավարության կառավարության նիստի արդյունքները, սեպտեմբերի 30-ին հայտարարել է, որ «խաղն ավարտված չէ»: «Ոչինչ չի ավարտվել:

 

Սա ընթացակարգային իրադրություն է, որը մենք չենք կարող անտեսել, բայց մեր մտադրությունն է՝ շարունակել մեր ստանձնած պարտավորությունների և օրենքի շրջանակներում»,-ասել է նա: Մոտ ժամանակներս ինքնավարության ներկայացուցիչները Սահմանադրական դատարան կուղարկեն իրենց դիրքորոշոմւը պաշտպանող փաստարկները:

 

Սեպտեմբերի 30-ին Կատալոնիայի քաղաքներում բողոքի զանգվածային ակցիաներ կանցկացվեն Իսպանիայի կառավարության և ՍԴ-ի որոշման դեմ: Դրանց մասնակիցները կպահանջեն՝ թույլատրել հարցման անցկացումը նոյեմբերի 9-ին: Ամենաբազմամարդ հանրահավաքը կկայանա Բարսելոնայում:

 

Իսպանիայի Կատալոնիայի ինքնավար մարզի ղեկավար Արթուր Մասը սեպտեմբերի 27-ին հրամանագիր է ստորագրել նոյեմբերի 9-ին Իսպանիայից անկախության հանրաքվե անցկացնելու մասին: Կատալոնիայի խորհրդարանը սեպտեմբերի 19-ին օրենք է ընդունել հանրաքվեների մասին, որը, տեղի իշխանությունների կարծիքով, թույլ կտա համաժողովրդական հարցումներ անցկացնել առանց Մադրիդի պաշտոնական համաձայնության, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: