Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում է, որ 2015-2016 թթ. Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշը կհասնի 3.5 տոկոսի, միջնաժամկետ հատվածում աճի կանխատեսումը 4-4.5 տոկոս է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին տեղեկացրեց ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը:

 

«Աճի տեմպերի արագացումը մենք կապում ենք բարեփոխումների, հարկաբյուջետային հիմնավոր քաղաքականության շարունակման հետ: Օրինակ, մեր պատկերացմամբ' դեպի Երևան թռիչքները 35 տոկոսով ավելացել են, 30-ով էլ ավելացել են ուղևորափոխադրումները, 20 տոկոսով նվազել են տոմսերի գները: Տուրիզմի ոլորտում բավականին արագ տեմպերով աճ է գրանցվում:

 

Սա ցույց է տալիս, որ, Հայաստանի տնտեսության բաց լինելու ու ավելի շատ մրցակցային հնարավորություններ ստեղծելու դեպքում, գները շահեկանորեն կփոխվեն ու աճը կարագանա»,- ասաց Հորթոնը' հորդորելով Հայաստանի իշխանություններին շարունակել քաղավիացիայի ոլորտում բարեփոխումների իրականացումը:

 

Այս համատեքստում նա շեշտադրեց Հայաստանի տնտեսության մեջ մենաշնորհները վերացնելուն ուղղված քայլերի անհրաժեշտությունը: «Որոշ սուբյեկտների նկատմամբ մի շարք ոլորտներում մենաշնորհը վերացնելը միայն վճռական քայլեր կատարելու միջոցով հնարավոր կլինի իրագործել: Մենք ուզում ենք, որ լինեն խաղի հավասար պայմաններ հարկահանության, պետական եկամուտների վարչարարության մեջ»,- ընդգծեց Հորթոնը' կարևորելով կառավարության նախաձեռնած' ստվերի դեմ պայքարի քաղաքականությունը:

 

Հարցին ի պատասխան, թե Հայաստանը ինչ դիրք է գրավում տարածաշրջանի երկրների շարքում տնտեսական աճի ցուցանիշներով' ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը նշեց. «Հայաստանում աճը բարձր է, քան Ռուսաստանում և զգալիորեն ավելի բարձր է, քան Ուկրաինայում:

 

Հարավային Կովկասի երկրների պարագայում Հայաստանի տնտեսությունը Վրաստանից մի քիչ դանդաղ ու Արդբեջանից ավելի դանդաղ է աճում: Կենտրոնական Ասիայի երկրների համեմատ' շատ ավելի դանդաղ է աճում Հայաստանի տնտեսությունը, բայց այդ երկրներն ունեն բնական որոշ պաշարներ ու զար գացման այլ հեռանկարներ»,- ասաց Մարկ Հորթոնը' նման ցուցանիշները կապելով վերջին տարիներին ՀՀ-ում ներդրումների սահմանափակ ծավալի հետ: