Սիրիան ողջունում է ահաբեկչության դեմ պայքարին ուղղված' միջազգային ցանկացած ջանք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, այս մասին ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեայի 69-րդ նստաշրջանում հայտարարել է Սիրիայի փոխվարչապետ, արտ աքին գործերի և սփյուռքի նախարար Ուալիդ ալ Մուալեմը՝ ավելացնելով, որ խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ պահպանվում է ազգային ինքնիշխանությունը, և գործողություններն իրականցվում են ըստ միջազգային համաձայնագրերի:

 

«Մենք բոլորս արդեն գիտակցում ենք, որ աշխարհում ամենադաժան ահաբեկչական կազմակերպությունը ԻԼԻՊ-ն է: Այն վտանգավոր է ինչպես սիրիացիների, իրաքցիների, այնպես էլ բոլոր ազգերի և կրոնների համար: Բացի պատմամշակութային հուշարձանների կործանումից, կազմակերպությունը ոչնչացնում է իսլամական և քրիստոնեական սրբություններ»,- նշել է նախարարը:

 

Նախարարի խոսքով' ահաբեկչության դեմ պայքարը պետք է իրականցվի ՄԱԿ-ի բանաձևերի համաձայն: Սակայն, առաջին հերթին պետք է դադարեցվի ահաբեկիչների' ԱՄՆ-ի գլխավորությամբ իրականացվող ֆինասավորումը և զինումը:

 

Անդրադառնալով միջսիրիական բանակցությունների վերսկսմանը՝ Մուալեմն ընդգծել է, որ Սիրիան հակված է հարցը լուծել քաղաքական ճանապարհով' բոլոր ընդդիմադիր ուժերի հետ երկխոսությամբ:

 

Ուալիդ ալ Մուալեմը նաև նշել է, թե Սիրիան ՄԱԿ-ից ակնկալում է,որ հնարավորություն տրվի իր ազգին ապրել արժանապատորեն և հեռու ահաբեկչության ցանկացած տեսակից: