Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) հայաստանյան գրասենյակի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի միջև կնքված պայմանագրի շրջանակում, Եվրոպական տարածաշրջանային գրասենյակը և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայաստանյան գրասենյակն իրականացնում են «Տուբերկուլոզի հսկողության ծրագիրը Հայաստանում» 2014-2016թթ. միջոցառումը:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, Հայաստանում տուբերկուլոզով հիվանդների բուժման և խնամքի կազմակերպման մշակմանն աջակցելու նպատակով օրերս տեղի է ունեցել առաքելություն: Այն իրականացվել է ԱՀԿ փորձագետ Ագոստինո Բոռռայի կողմից' ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի և ԱՀԿ հայաստանյան գրասենյակի աջակցությամբ և մասնակցությամբ:

 

Առաքելության շրջանակում ԱՀԿ հայաստանյան գրասենյակում կայացած աշխատաժողովին մասնակցել են տուբերկուլոզի հարցերով զբաղվող շահագրգիռ բոլոր կողմերը։ Քննարկվել են առաքելության կողմից կատարված աշխատանքների նախնական արդյունքները:

 

Աշխատաժողովի ընթացքում ԱՀԿ փորձագետը ներկայացրել է տուբերկուլոզով հիվանդների խնամքի կազմակերպման մոդելները ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում' անդրադառնալով Լատվիայի, Մոլդովայի և Ռուսաստանի Դաշնության հաջող փորձին։ Ագոստինո Բոռռան ընդգծել է քաղաքական աջակցության, բուժաշխատողներին շահագրգռելու, հիվանդներին հոգեբանական ու սոցիալական աջակցություն տրամադրելու կարևորությունը:

 

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը ներկայացրել է նախարարության կողմից այս ոլորտում իրականացվող քաղաքականությունը և առաջիկա ծրագրերը։ Նա, մասնավորապես, խոսել է հակատուբերկուլոզային ծառայությունում անվճար բուժօգնության, անվճար դեղերի տրամադրման, ախտորոշիչ արագ մեթոդների ներդրման, ամբուլատոր բուժման և հսկողության կազմակերպման և կանխարգելիչ ծրագրերի մասին։ Փոխնախարարը նաև տեղեկացրել է, որ առաջիկայում կմշակվի հակատուբերկուլոզային ազգային ծրագիր մինչև 2020 թվականը։