Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերը շարունակելու են արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունը՝ առևտրով զբաղվողների պահանջները բավարարելու համար: Այս մասին ԱԺ արտահերթ նիստի տապալումից հետո, խորհրդարանի շենքի մոտ հավաքված առևտրականների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

 

«Գիտեք, որ մենք արտահերթ նիստ էինք հրավիրել ձեր հարցը քննարկելու համար, սակայն քաղաքական մեծամասնությունը բոյկոտեց նիստը և այն չկայացավ: Սակայն սա մեզ չի ընկճում: Մենք շարունակելու ենք արտահերթ նիստ հրավիրելու համար ստորագրություններ հավաքել և հրավիրելու ենք նիստ ամեն օր, մինչև այն կայանա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մելքումյանը:

 

Նա առևտրով զբաղվողներին կոչ արեց ակտիվորեն շարունակել պայքարը: «Մենք ձեզ հետ ենք և ամեն ինչ անելու ենք, որպեսզի ձեր խնդիրները լուծում ստանան, սակայն դուք էլ ձեր հերթին պետք է շարունակեք ակտիվ պայքարել և ճնշում գործադրել»,- նկատեց պատգամավորը:

 

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն էլ հավաքված քաղաքացիներին տեղեկացրեց, որ նրանց հարցը կբարձրացնեն նաև եռյակի հոկտեմբերի 10-ին կայանալիք անրահավաքի ժամանակ, եթե մինչ այդ իշխանությունները այս խնդրին լուծում տված չլինեն: «Մենք ձեր հարցը կմիացնենք մեր 12 կետերին և հարցի մասին կբարձրաձայնենք հանրահավաքի ժամանակ՝ հասարակության ավելի լայն զանգվածի առջև»,- ասաց նա:

 

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ քաղաքացիներին կոչ արեց շարունակել պայքարը և ներկայացնել իրենց պահանջները: «Մենք պետք է պայքարի միջոցով հասնենք նրան, որ քաղաքական մեծամասնությունը և կառավարությունը իրենց հայտարարած ականջալուր լինելը իրականություն դարձնեն, գան, քննարկեն լուծումներ տան: Եթե մենք մեր պայքարը դադարեցնենք, կառավարությոունը հանգիստ կկիրառի այս օրենքը»,- ընդգծեց ՀՅԴ պատգամավորը:

 

Արծվիկ Մինասյանը չբացառեց, որ իրենք կդիմեն ՍԴ՝ «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքը կասեցնելու պահանջով' մինչև չգտնվի խնդրի արդյունավետ լուծումը:

 

Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերը սեպտեմբերի 30-ին, ժամը 18:30-ին արտահերթ նիստ էին հրավիրել, սակայն այն չկայացավ՝ քվորում չլինելու պատճառով: Նիստին մասնակցելու համար գրանցվել էր 37 պատգամավոր: Ասրտահերթ նիստի օրակարգում «Շրջանառության հարկի մասին» օրենքի նախագիծն էր, որով ոչ իշխանական ուժերը նախատեսում են լուծել բազմաթիվ առևտրականների պահանջները և լուծել ննրանց խնդիրները: