ԻԼԻՊ-ն Իրաքի արևմուտքում գտնվող Անբարի մարզում շրջապատել է բանակի 6 ստորաբաժանումների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, մարզի ոստիկանության պետ Ահմադ Սադա ադ Դուլեյմին նշել է, որ ծայրահեղականները սպառնում են 600 զինծառայողների կյանքին: Մյուս կողմից, հյուսիսային մարզերում բեշմերգի ուժերը երեք ուղղություններով գործողություններ են սկսել:

 

Ծայրահեղականները զինծառայողներին շրջապատել են Անբարի 2 տարբեր հատվածներում, մի կողմից Ռամադի քաղաքում, մյուս կողմից, մարզի հյուսիսում գտնվող Զիրաա Դիջլա մայրուղու վրա: Այժմ ուժային կառույցներն աշխատանքներ են տանում շրջափակումը ճեղքելու ուղղությամբ:

 

Քիրքուք քաղաքի հարավում թեժ մարտեր են ընթանում քրդական բեշմերգի ուժերի և ԻԼԻՊ-ի միջև:

Քրդերը վաղ առավոտյան մտել են սիրիա-իրաքյան սահմանին գտնվող Առ Ռաբիա քաղաք' այն բանից հետո, երբ հսկողություն են հաստատել Աս Սաուդիա և Մահմուդիա գյուղերի վրա: Քրդական ուժերը գործել են ԱՄՆ-ի օդային ուժերի հետ:

 

Ավելի վաղ ԱՄՆ-ը հայտարարել էր, որ ԻԼԻՊ-ի դեմ պայքարում իրեն աջակցելու ցանկություն են հայտնել 50 երկրներ: ԻԼԻՊ-ի և այլ ահաբեկչական կազմակերպությունների դեմ ԱՄՆ-ի հետ ռազմական գործողություններին մասնակցում են Ֆրանսիան, Հորդանանը, Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն: Կոալիցիայի կազմում ընդգրկվելու ցանկություն են հայտնել Մեծ Բրիտանիան, Դանիան, Բելգիան, Նիդրլանդները և Ավստրալիան:

 

ԱՄՆ-ը Իրաքում ռազմական գործողությունները սկսել է օգոստոսի 8-ից, իսկ Սիրիայում՝ սեպտեմբերի 23-ից: Ռազմական գործողությունների շրջանակներում ԱՄՆ-ն արդեն իսկ 265 օդային հարվածներ է հասցրել: