Արդեն մեկ շաբաթ է, ինչ Գեղարքունքի մարզի Մարտունի քաղաքի բժշկական կենտրոնում սկսվել եւ ընթանում են վիրաբուժական բաժանմունքի հիվանդասենյակների հիմնանորոգման աշխատանքները:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Վարդան Կարապետյանը, հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են մարտունեցի բարերարների միջոցներով, ովքեր խնդրել են չհրապարակել իրենց անունները:

 

Նրանց հատկացրած միջոցներով նախատեսված է հիմնանորոգել վեց հիվանդասենյակ, որոնցից երեքի նորոգումն արդեն մոտենում է ավարտին: Փոխվում են սենյակների դռներն ու պատուհանները, հատակը, կատարվում է ներքին հարդարում, սենյակներն ապահովվում են շուրջօրյա ջրամատակարարմամբ եւ ժամանակակից կահույքով: Բարերարների հետ այժմ քննարկվում է վիրաբուժական բաժանմունքում տեղային ջեռուցում անցկացնելու խնդիրը:

 

«Մեր քաղաքից կամ Մարտունու նախկին շրջանից գործարար շատ տղաներ կան, ովքեր ցանկանում են բարերարությամբ օժանդակել մեզ' Մարտունու նախկին շրջանը սպասա րկող միակ բուժհաստատության արդիականացման գործում: Մեկնարկը հուսադրող է, եւ առաջիկայում մենք շատ բանի կարող ենք հասնել, ավելի շոշափելի արդյունքների»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Վարդան Կարապետյանը:

 

Խոսրով խլղաթյան