ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը վստահեցնում է, որ Հայաստանի ու Վրաստանի համապատասխան իշխանություններն ամենօրյա ռեժիմով աշխատանքի արդյունքում վերահսկում են իրավիճակը Վերին Լարսում:

 

Այս մասին հայտնեց նախարարը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ: «Այն, ինչ կատարվում է Լարսում, Հայաստանի և Վրաստանի համար մեծ խնդիրներ է առաջացնում: Իրենց հետ աշխատում ենք ամենօրյա ռեժիմով: Այս պահին մեքենաներն անցնում են, հերթագրվում են, քանի որ անձրևային է եղանակը, և ամեն պահին կա վտանգ, որ կարող է ճանապարհը փակվել: Վրաստանի մեր գործընկերներն անում են այնպես, որ ճանապարհն անցանելի դարձնեն ու մարդկային զոհեր չլինեն»,-ասաց Գագիկ Բեգլարյանը:

 

Նախարարն ավելացրեց, որ իրենք պատարստակամություն ենք հայտնել ամեն ինչով օժանդակելու վրացի գործընկերներին' հաշվի առնելով նաև, թե ինչ մեծ կարևորություն ունի Վերին Լարսի ճանապարհը Հայաստանի համար: «Բնական աղետների դեմ պայքարը շատ դժվար է, այս պահին, երբ այդ վիճակով ճանապարհն աշխատում է, մեր և Վրաստանի քրտնաջան աշխատանքի արդյունքն է»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ' նշեց նախարարը:

 

Հարցին ի պատասխան' հնարավոր է կառավարությունը միջնորդի, որ Վերին Լարսում աշխատանքային ժամերն ավելանան (ներկայում այն գործում է 7:00-19:00), Գագիկ Բեգլարյանը նշեց. «Դա իրենց անձնական կամքը չէ, որ մինչ 19:00-ն են աշխատում: Աստված չանի, որ գիշերային ժամերին որևէ դժբախտ դեպք պատահի, այդ դեպքում մարդկանց չեն կարող փրկել»,-հավելեց նախարարը' նշելով, որ 300-400 տոննա քարեր են վայր ընկնում ու փակում ճանապարհը: