ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նկատում է Հանրային հեռուստառադիոընկերության գործունեության առաջընթացը: Այս մասին հայտնեց Շարմազանովն ԱԺ հարթակից «Հանրային հեռուստառադիոընկերության 2013թ. գործունեության վերաբերյալ» hարցի քննարկման ժամանակ:

 

«Պետք է համեմատենք այս տարվա աշխատանքը մի քանի տարի առաջվա աշխատանքի հետ. չկա մի ոլորտ, որտեղ մենք դրական առաջընթաց արձանագրած չլինեք: Սկսենք լրատվական ոլորտի աշխատանքից. թե Հանրային հեռուսատեսության, թե ռադիոյի լրավական հաղորդումները ներկայացնում են համակողմանի տեղեկատվություն Հայաստանի ներքին, արտաքին քաղաքական կյանքի վերաբերյալ: Չկան գործիչներ, ում մուտքը այդ լրատվամիջոցներ ընդունելի չեն: Շատ դեպքերում ընդդիմադիր հատվածի մեր գործընկերներն ավելի շատ են լուսաբանվում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնեց Շարմազանովը:

 

Անդրադառնալով մշակութային ու կրթական հաղորդումներին՝ ԱԺ փոխխոսնակը նշեց, որ դինամիկան հստակ տեսանելի է: «Պարոն Ջաղինյան, կարճ ժամանակահատված է, որ ղեկավարում եք Հանրային հեռուստառադիոընկերությունը, բայց այն հարցադրումները, որոնք մենք բարձրացրել ենք տարիներ առաջ, տեսնում ենք դրանց լուծումը»,-շեշտեց նա:

 

Էդուարդ Շարմազանովը վերահաստատեց իր առաջարկությունը, որ կարճ տեսանյութերի միջոցով ամենադիտվող ժամերին ներկայացվեն Հայաստանի ազգային հերոսներին՝ ֆիդայական շարժման ու Հայաստանի զարգացման համար ներդրում ունեցող անձանց վերաբերող նյութեր:

 

«Քանի որ մոտենում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, կառաջարկեմ ցեղասպանության պատմությունը ներկայացնենք ոչ միայն զոհի կերպարով, այլ ցույց տանք մեր պատմության հերոսական էջերը՝ Սասունի ապստամբությունից մինչև Մուսա լեռան քառասուն օրը ցուցադրող տեսանյութերով»,-հավելեց Շարմազանովը:

Նա նաև խորհուրդ տվեց հաճախ ցուցադրել Հայաստանի, հայ մշակույթի վերաբերյալ վավերագրական ֆիլմերը: