2013-ի օգոստոսին գերի ընկած զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը հայրենադարձվել է: 

 

Նա նշեց, որ հայրենիք վերադառնալու ցանկությունն իրենն է եղել. «Դա իմ ցանկությունն է եղել: Ես վերադառնալու ցանկություն եմ հայտնել, որում ինձ աջակցել են միջազգային կազմակերպությունները: Ինձ համար երրորդ երկիր գոյություն չունի, այլ գոյություն ունի միայն Հայաստան»,- ասաց նա:

 

«Զվարթնոց» օդանավակայանում Ինջիղուլյանն ասել է, որ ենթարկվել է ճնշումների. «սպառնում էին, որ կգնդակահարեն»:

 

«Ասում էին, եթե մեր ասածները չանես, էն չոբանի օրն ես ընկնելու: Սպառնում էին գնդակահարությամբ: Նաև հարցազրույցներն եմ տվել ադրբեջանցիների ճնշումների ներքո: Հարցազրույցից առաջ կանչում- ասում էին, թե ինչ պետք է ասեմ, իսկ եթե չանեմ իրենց ասածները, սպառնում էին սպանել: Նաև Կարմիր խաչի հետ հանդիպումներից առաջ էին կանչում և ցուցումներ տալիս, կարդում էին ընտանիքիս գրած նամակները»,- ասաց նա:

 

Հիշեցնենք, որ 2013-ի օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը ժամը 3:00-ի սահմաններում ծառայությունն իրականացնելու ժամանակ տեղանքում չկողմնորոշվելով՝ 1991 թվականին ծնված շարքային Հակոբ Ինջիղուլյանը հատել էր հայ-ադրբեջանական շփման գիծը և հայտնվել հակառակորդի տարածքում: Մեկ տարի անց` օգոստոսի 26-ին, Հակոբ ինջիղուլյանին Բաքվից տեղափոխել էին երրորդ երկիր:

 

Հայկական կողմը ջանքեր էր գործադրում ռազմագերուն հայրենիք վերադարձնելու համար:

 

Նշենք, որ Ինջիղուլյանը հայտարարել է, որ պատրաստվում է շարունակել ծառայությունը հայկական բանակում. «Ես դեռևս 9 ամիս ունեմ ծառայելու և պատրաստվում եմ գնալ ծառայության»:

 

 

Լուսանկարը` Civilnet.am-ի: