«Էյր Արմենիա» ավիաընկերությունը հետաձգել է չվերթների մի մասը ինքնաթիռների տեխնիկական խնդիրների պատճառով:

 

«Արմենպրես»-ի հետ զրույցում ավիաընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Սիրական Համբարձումյանը տեղեկացրեց, որ ավիաընկերությանը պատկանող երեք ինքնաթիռնրից երկուսն ուղարկվել են տեխնիկական սպասարկման, որոնցից մեկի դեպքում սպասարկումը ծրագրված չի եղել: «Մեր չվացուցակը պլանավորված էր երեք ինքնաթիռների համար, սակայն, ինչպես արդեն նշեցի, դրանցից երկուսն ուղարկվել են տեխնիկական սպասարկման:

 

Պլանավորված սպասարկումը պահանջում է 21 օր, հետևաբար անհրաժեշտություն է առաջացել հետաձգել կամ չեղյալ հայտարարել որոշ չվերթներ: Ներկայումս մենք փորձում ենք լուծել այդ հարցը և ինչ-որ կերպ նոր օդանավ գտնել, որը կիրականացնի չվերթները, մինչ մյուս ինքնաթիռը վերադառնա վերանորոգումից: Սակայն դեռևս չեմ կարող ասել, թե դա երբ կլինի»,- նշեց Համբարձումյանը:

 

«Էյր Արմենիա»-ի մարքեթինգի բաժնի ղեկավարի խոսքով' այն ուղևորներին, որոնց չվերթները հետաձգվել են, առաջարկվել է երկու լուծում: « Նրանց առաջարկել ենք վերադարձնել տոմսերը կամ, եթե տոմսերը մասնակի օգտագործված են, նրանց տեղափոխել ենք այլ ավիաընկերությունների միջոցով»,- ասաց նա:

 

Մամուլում վերջին օրերին հրապարակումներ էին հայտնվում, որտեղ նշվում էր, որ «Էյր Արմենիա» ավիաընկերությունը լուրջ խնդիրներ ունի և առաջիկայում, հավանաբար, սնանկ կհայտարարվի: Սակայն, «Արմենպրես»-ի հետ զրույցում ընկերության ներկայացուցիչը հերքել էր այդ լուրերը' նշելով, որ նման բան չկա:

 

«Ընկերությունը լավ ժամանակներ չի ապրում, բոլոր հակառակորդները առիթը բաց չեն թողնում թե՛ տեղական, թե՛ օտարերկրյա լրատվամիջոցների օգնությամբ ընկերությանը վարկաբեկող բացասական լուրեր տարածել»,- նշել էր նա: