ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր աշխատանքային այց կատարեց Գեղարքունիքի մարզ: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ նախարարը Գավառի պետական համալսարանում հանդիպեց պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ:

 

«Սա մեր հերթական, երրորդ այցն է ՀՀ մարզեր, որոնց ընթացքում փորձում ենք ոչ միայն հանդիպել արդարադատության նախարարական համակարգում ընդգրկված տարբեր հաստատությունների աշխատակիցների, այլ նաեւ առավելագույն շփում ապահովել մարզի բնակիչների հետ, զրուցել եւ հասկանալ, թե ինչ խնդիրներ նրանք ունեն»,- նշեց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը՝ կարեւորելով բնակիչների՝ Երեւան չհասնելու եւ խնդիրները տեղում բարձրացնելու հանգամանքը:

 

Հանդիպման ժամանակ ուսանողները նախարարին մի շարք հարցեր ուղղեցին' կապված սահմանադրական բարեփոխումների, ՀՀ արդարադատության եւ դատական համկարգերում ակնկալվող փոփոխությունների, կոռուպցիայի դեմ պայքարի, քրեակատարողական հիմնարկների, հանցագործությունների դինամիկայի, ցմահ ազատազրկվողների, հասարակության իրավագիտակցությունը բարձրացնող դասընթաց-սեմինարների կազմակերպման հետ:

 

Նախարարը, պատասխանելով ուսանողների հարցերին, նշեց, որ նախատեսվում է ստեղծել նոր քրեակատարողական հիմնարկներ: Իսկ կոռուպսիայի դեմ տարվող աշխատանքներին անդրադարձավ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը. «Վերջին 15 տարիներին կոռուպցիայի դեմ պայքարի բավականին մեծածավալ ծրագրեր են իրականացվել եւ շոշափելի արդյունքներ են գրանցվել: Այդուհանդերձ, պետք է փոփոխել ե’ւ հասարակության, ե’ւ պետական մարմինների վերաբերմունքը կոռուպցիոն երեւույթների նկատմամբ:

 

Պետական մարմնի յուրաքանչյուր պաշտոնյա եւ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է հասկանա ու գիտակցի կոռուպցիայի վտանգավորության աստիճանը՝ պետության ու տնտեսության կայացման գործում»: ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը քաղաքացիների ընդունելություն կատարեց Գեղարքունիքի մարզպետարանում, որտեղ բնակիչները ներկայացրեցին մի շարք խնդիրներ: Նախարարը ընդունեց փոքր, միջին բիզնեսը ներկայացնող մի խումբ անձանց, ովքեր խնդիր բարձրացրեցին' կապված «Շրջանառության հարկի մասին» օրենքի եւ իրենց բիզներին խանգարող հանգամանքների հետ:

 

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն իր խոսքում նշեց, որ այս խնդիրը արդեն քննարկվել է ԱԺ նախագահի հետ, եւ իշխանություններն անում են հնարավորը՝ հանրապետությունում փոքր եւ միջին բիզները զարգացնելու համար: «Այս օրենքի ընդունման նպատակն ստվերային տնտեսությունը հարկային դաշտ հանելն է»,- ասաց նախարարը:

 

Գեղարքունիքի մարզի դատարանների, քրեակատարողական ծառայությունների շենքային պայմանների բարելավման եւ նոր կետերի ստեղծման խնդրի մասին բարձրաձայնեցին մարզի դատարանների, քրեակատարողական ծառայությունների աշխատակիցները:

 

Քննարկվեցին նաեւ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման /ԶԱԳՍ/-երի ներկայացուցիչների կողմից բարձրացված մի շարք խնդիրներ:

 

Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն իր խոսքում կարեւորեց նմանատիպ հանդիպումներրը' շեշտը դնելով կառավարության եւ մարզային կառույցների միջեւ համագործակցության մակարդակը բարձրացնելու վրա: Նախարարը այցելեց նաեւ Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնք, հանդիպեց բնակիչներին եւ ծանոթացավ նաեւ նրանց առօրյա հոգսերին ու խնդիրներին:

 

Խոսրով խլղաթյան