Արցախում կադրերի պակաս կա' մանավանդ այն ուղղություններում, որոնք համարվում են տնտեսական զարգացման գերակայություններ: Այս մասին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ուսանողների հետ հանդիպմանը նշեց ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը: «Ցավալի է, սակայն այդ խնդիրը մենք ունենք:

 

Մենք Արցախի տնտեսության զարգացման մեջ կարևորել ենք գյուղատնեսության դերը, արդյունաբերությունը, անտառաշինությունը, զբոսաշրջությունը և շինարարությունը: Եվ, դժբախտաբար, Արցախի ներուժն այդ մասնագիտությունների առումով թույլ է:

 

Ճիշտ է, Արցախի պետական համալսարանում ունենք մասնագիտություններ այդ բոլոր ուղղություներով, ունենք մեծ պահանջարկ մասնագետների, սակայն առաջարկների առումով խնդիրներ ունենք, ինչի համար մենք մասնագետներին ներգրավում ենք Հայաստանից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պարզաբանեց նա:

 

Հարությունյանն ընդգծեց, որ այսօր Արցախում հազարավոր մարդիկ են աշխատում, ովքեր չեն հանդիսանում Արցախի քաղաքացիներ՝ շինարարության, գյուղատնտեսության, էներգետիկայի, հանքաարդյունաբերության ոլորտներում: «Իհարկե, մենք միայն այս ուղղություններով չէ, որ մասնագետներ ենք հրավիրում:

 

Մենք ունենք պետական ծրագիր առողջապահության համակարգի զարգացման առումով: Ունենք շրջաններ, որտեղ բժիշկկների կարիք կա, և դա առաջացնում է խնդիրներ: Դրա համար մենք Արցախում աշխատել ցանկացող բժիշկներին ապահովում ենք բնակարաններով, իսկ եթե չենք կարողանում ապահ վել բնակարանով, նրանց տալիս ենք 60 տոկոսի չափով լրացուցիչ աշխատավարձ»,- ասաց Հարությունյանը:

 

Նա ընդգծեց, որ միայն աշխատավարձով և բնակարանով հնարավոր չէ լուծել մասնագետների խնդիրները, սակայն իրենց ուշադրության կենտրոնում բազմաթիվ այլ խնդիրներ կան, որոնք լուծում են ստանում: «Ես նաև կոչ եմ անում ցանկացած մարդու, ով Արցախում աշխատելու ցանկություն ունի, գալ և պայմաններ ստեղծել մնալու համար:

 

Գալ, ժամանակավորապես աշխատել և գնալը մեզ համար ընդունելի է միայն, եթե շատ կարևոր մասնագետ է, որի կարիքը մենք ունենք, սակայն ընդհանուր առմամբ լավ կլինի, որ նրանք մնան Արցախում: Գիտեք' մենք 11.4 հազար քառակուսի կիլոմետր տարածք ունենք և ընդամենը 15 0 հազար բնակչություն: Շատ նոսր է բնակչությունը, և եթե Արցախում աշխատող մարդիկ պայմաններ ստեղծեն այնտեղ ապրելու համար, ապա մենք կկարողանանք լուծել նաև ժողովրդագրական խնդիրները, ինչն էլ իր հետ կհանգեցնի տնտեսության զարգացմանը»,- նշեց Հարությունյանը: