«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրում» մի քանի ամիս է' գործում է պորտալարային արյան բանկ: Արդեն երեք ընտանիք օգտվել է այդ հնարավորությունից ու ապահովագրել սեփական երեխայի առողջությունը արյան քաղցկեղով հիվանդացության դեպքում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեստրի» գործադիր տնօրեն Սևակ Ավագյանը:

 

«Նոր ծնված երեխայից կարող են վերցնել պորտալարային արյուն ու պահել, հետագայում, եթե լինեն հիվանդություններ, իսկ որևէ մեկս դրանից ապահովագրված չենք, երեխայի իսկ արյունը կփրկի իրեն: Էլ դոնորներ չեն փնտրի: Սա նորություն է գոնե Հայաստանի համար, բայց ամբողջ քաղաքակիրթ աշխարհը վաղուց անցել է այդ մեթոդին. մեր հարևան Վրաստանն արդեն հինգ տարի է, որ կիրառում է այն»,- ասաց բժիշկը:

 

Պորտալարային արյան պահպանումը վճարովի ծառայություն է, այն գործում է ռեեստրի ներսում, բայց համակարգվում է միջազգային կազմակերպության կողմից:

 

«Սարքավորումներով ապահովված ենք, ռեեստրն է իրականցնում: Մենք պայմանագրեր ենք կնքել տասից ավելի ծննդատների հետ ու արդեն ունենք պորտալարային արյուն հանձնած անձինք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' նշեց Սևակ Ավագյանը' հույս հայտնելով, որ տեղեկացվածության բարձրացման պարագայում նման տարբերակով երկրաչափական պրոգրեսիայով կաճի այն մարդկանց քանակը, ովքեր կդիմեն արյունը նման եղանակով պահելու ձևին:

 

Բժշկի հավաստամամբ' արյան սեփականատերը երեխան է, ով ցանկացած ժամանակ կարող է ստանալ արյունը: «Արյունը պահվում է մինչև 18 տարեկանը' հեղուկ ազոտի մեջ, մինուս 182 աստիճանի պայմաններում, ու ցանկացած պահի, երբ նրան անհրաժեշտ կլինի, կտրամադրվի»,- հայտնեց Սևակ Ավագյանը' հավելելով, որ ապագայում ցողունային բջիջների ու գենային ինժեներիայի շնորհիվ հնարավոր կլինի բուժել ոչ միայն արյան քաղցկեղը, այլ զանազան այլ հիվանդություններ:

 

Գործունեության 15 տարիների ընթացքում «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրում» դոնոր է դարձել ավելի քան 26 հազար մարդ, որոնցից 6 հազար 500-ը' Սփյուռքից' Միացյալ Նահանգների, Հունաստանի, Իրանի, Լիբանանի, Սիրիայի, Գերմանիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Բուլղարիայի, Անգլիայի, Նիդերլանդների, Կիպրոսի, Վրաստանի հայկական գաղթօջախներից:

 

Մինչ օրս աշխարհի տարբեր երկրներից ռեեստրին դիմած 3150 հիվանդի հետ նախնական համընկնող 2769 պոտենցիալ դոնոր է հայտնաբերվել, որոնցից 20-ը նվիրաբերել են իրենց արյան ցողունային բջիջները: