Օրվա կարևորագույն իրադարձություններն ամփոփ  ներկայացնում է «Mediamall.am»  լրատվականը.


Հրդեհ՝ ռեստորանի մոտակայքում

 

Հոկտեմբերի 4-ին, ժամը 04.55-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի «Էդռադ» ռեստորանային համալիրի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Դալար գյուղի Անդրանիկի փողոցում ամբոջությամբ այրվում է Գ. Ք.-ին պատկանող չբնակեցված վագոն-տնակը (մոտ 24 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.38-ին, մարվել՝ 06.59-ին:

 

***

 

Ուկրաինան կվճարի Ռուսաստանի բոլոր պարտքերը. Յացենյուկ

 

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը «Շուստեր-live» թոք շոուի եթերում հայտարարել է, որ Ուկրաինան կմարի Ռուսաստանի կողմից գնված 3 մլրդ դոլարի չափով եվրապարտատոմսերը: Այս մասին հայտնել է Газета.Ru-ն:

«Ի՞նչ արած, մենք պետք է վճարենք պարտքը»,- ասել է քաղաքական գործիչը:

Ըստ Յացենյուկի՝ Ուկրաինան հիշում է իր բոլոր պարտավորությունները:

«Բոլոր այդ պարտքերը մենք չենք վերցրել, սակայն կմարենք դրանք, որքան էլ դժվար լինի»,- ասել է Ուկրաինայի վարչապետը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի արտաքին պարտքը 2014թ.-ի առաջին կիսամյակի վերջում կազմել է $136.8 մլրդ:

 

***

 

Սեյրան Օհանյանը Ինջիղուլյանի հետ կատարվածի վերաբերյալ միջազգային գնահատական է ակնկալում

 

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վստահեցնում է, որ ծառայությանը պիտանի լինելու դեպքում Հակոբ Ինջիղուլյանը կշարունակի այն ՀՀ զինված ուժերում: «Նախևառաջ շատ ուրախալի է, և ես հպարտ եմ, որ մեր զինծառայողը, երկար ժամանակ լինելով գերության մեջ, վերադարձել և ցանկություն է հայտնել ծառայել: Ինչ վերաբերում է նրա առողջությանը, պետք է հետազոտենք. եթե նրա առողջությունը չի համապատասխանում ծառայությանը, պիտանի չէ, ապա չի ծառայի: Միևնույն ժամանակ էլ, ծառայության դեպքում մենք անպայման կապահովենք համապատասխան նորմալ պայմաններ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Սեյրան Օհանյանը:

 

Նրա խոսքով' իրենք աշխատանք պետք է տանեն մարդու իրավունքների տեսանկյունից' ադրբեջանական գերության մեջ հայտնված Հակոբ Ինջիղուլյանի հետ կատարվածը վերլուծելու և դրա վերաբերյալ միջազգային գնահատական ստանալու համար: «Մարդու իրավունքների խախտումներ են տեղի ունեցել, դրանց պետք է գնահատական տալ' նաև միջազգային ասպարեզում, որ Ադրբեջանում հասկանան' ինչպես վարվել գերիների հետ»,- շեշտեց նախարարը:

 

Հակոբ Ինջիղուլյանը հոկտեմբերի 3-ին բժշական զննություն է անցնել, նրա մոտ գրանցվել է սթրեսային վիճակ' չափավոր վեգետատիվ անոթային դիստոնիայով: Ինջիղուլյանին հետածոտած բժշկի կարծիքով' ցանկալի չէ, որ Հակոբ Ինջիղուլյանը շարունակի ծառայությունը:

 

Հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական գերությունից երրորդ երկիր տեղափոխված Հակոբ Ինջիղուլյանը վերադարձել է Հայաստան: Նրան օդանավայակում դիմավորել են հարազատներն ու մարդկանց հոծ բազմություն: Հակոբ Ինջիղուլյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Ադրբեջանում իր նկատմամբ բռնություններ են կիրառել:

 

Նրան անընդհատ ծեծել են և հայհոյել: Նրան ցուցումներ են տվել, թե ինչ խոսի, երբ նրան նկարահանեն, նաև' Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ հանդիպումից առաջ: Ինջիղուլյանին ստիպել են նաև տեղափոխվել երրորդ երկիր' հակառակ պարագայում' սպառնալով սպանել:

 

2013թ. օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 03:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելիս, տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991 թվականին ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը հատել էր հայ-ադրբեջանական շփման գիծը' հայտնվելով հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում: Ինջիղուլյանին մնացել էր 9 ամսվա ծառայություն:

 

***

 

Լևոն Հայրապետյանին էլեկտրոնային ապարանջան են հագցրել

 

«Բաշնեֆտի» գործով ներգրավված Լևոն Հայրապետյանը էլեկտրոնային ապարանջան է կրում, որպեսզի վերահսկվի նրա տնային կալանքը: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում անելով Պատիժների իրագործման դաշնային ծառայության ներկայացուցիչ Կրիստինա Բելոուսովային։

 

Ուրբաթ օրը դատարանը բավարարել է քննիչի՝ Հայրապետյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու միջնորդությունը: Գործարարն ազատ է արձակվել հետաքննչական մեկուսարանից և փոխադրվել տնային կալանքի:

 

«Հայրապետյանին էլեկտրոնային ապարանջան են հագցրել, որը թույլ կտա քրեակատարողական տեսչության աշխատակիցներին վերահսկել տնային կալանքի պայմանների պահպանումը: Բացի այդ, տեսչության աշխատակիցները պարբերաբար կայցելեն կալանավորին»,- ասել է Բելոուսովան:

 

Հայրապետյանը մեղադրվում է «Բաշնեֆտ» ընկերության վաճառքի ժամանակ իրականացված ֆինանսական մեքենայությունների, փողերի լվացման մեջ:

 

Հետաքննության համաձայն՝ Հայրապետյանը ունի երկքաղաքացիություն և անշարժ գույյք արտասահմանում, մասնավորապես, վերջին ժամանակներս նա ապրում էր Մոնակոյում: Հենց այդ փաստով էլ քննությունը հիմնավորել է մեկուսարանում նրան կալանավորելու անհրաժեշտությունը (կալանքի ժամկետը լրանում է դեկտեմբերի 15-ին):

 

***

 

Արցախի Նախագահն օրենքներ է ստորագրել

 

Արցախի Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 4-ին ստորագրել է «Բուսասանիտարիայի մասին», «Սննդամթերքի անվտանգության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ԼՂՀ օրենքները:

 

***

 

Սևան Նիշանյանը քաղբանտարկյալ է. HWR

 

Միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը Թուրքիայի վերաբերյալ «Հետընթացը մարդու իրավունքների ոլորտում և բարեփոխումների առաջարկները» խորագրով զեկույցում անդրադարձել է նաև հայազգի լեզվաբան Սևան Նիշանյանի խնդրին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական Demokrathaber.net-ը, HRW-ը գրում է, որ Նիշանյանը քաղբանտարկյալ է:

 

Իրավապաշտպան կազմակերպությունը նշում է, որ թուրքական քրեական օրենսգրքում առկա 216-րդ դրույթը «ժողովրդի մի մասի կրոնական զգացմունքները հրապարակայնորեն ծաղրելու» վերաբերյալ, որով մեղադրվել և ձերբակալվել է Նիշանյանը, նման է դեռևս ուժի մեջ համարվող «թուրքականությունը վիրավորելու» մասին 301-րդ դրույթին:

 

Թուրքիայում բնակվող հայազգի լեզվաբան, գրող, լրագրող, հրապարակախոս Սևան Նիշանյանը ծնվել է 1956 թվականին Կոստանդնուպոլսում: Նախնական կրթությունն ստացել է Պոլսի Պանգալթը թաղամասի հայկական Մխիթարյան վարժարանում: Սովորել է ԱՄՆ Յելի և Կոլումբիայի համալսարաններում: Աշխարհի տարբեր երկրներում գտնվելով' իր հուշագրությունները հանձնել է թղթին և գրքեր է հրատարակել: 1996 թվականին հաստատվել է Շիրինջե գյուղում, հիմնել հյուրանոց:

 

Բանտարկման առիթ է հանդիսացել այն հանգամանքը, որ նա իր հողամասում կառուցել է մեկ հարկանի մի տնակ, որը համարվում է «ապօրինի շինարարություն»: Թուրքական դատարանը Սևան Նիշանյանին 2013 թվականի դեկտեմբերի 12-ին դատապարտել է երկու տարվա ազատազրկման: Նա դեռ բանտում է:

 

***

 

Մենք փնտրում ենք նոր կառավարիչ, որ Մարզահամերգային համալիրն օգտագործվի ըստ իր նշանակության. Սեյրան Օհանյան

 

ՀՀ պաշտպանության նախարարությունը կփորձի կառավարիչ գտնել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համար: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Մենք աշխատում ենք կառավարության հետ միասին, չէ՞ որ մենք կառավարության կազմում ենք, որպեսզի փնտրենք ու կգտնենք նոր նորմալ կառավարիչ, որ Մարզահամերգային համալիրն օգտագործվի ըստ իր նշանակության»,- նշեց նախարարը:

 

Նա վստահեցրեց, որ, եթե հետագայում համալիրը մնա ՊՆ-ի կազմում, դրա անունը չի փոխվելու, զինվորական կառույց չի դառնալու, այլ նպատակային է օգտագործվելու: «Մենք մի քանի այդպիսի կառույց ունենք, որոնք ոչ թե զորամաս են, այլ պետական ոչ առևտրային կազմակերպություններ»,- հավելեց Սեյրան Օհանյանը:

 

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամարգային համալիրի սեփականատեր «Բամօ» ընկերության պետության առջև ունեցած պարտքերի պատճառով համալիրը դրվել էր աճուրդի: Գնորդ չգտնվելու պատճառով այն հանձնվել է ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռին:

 

***

 

Դուք եք պատասխանատու վաղվա հզոր Հայաստանի և պաշտպանված Արցախի համար. Մանվել Գրիգորյանի ուղերձը՝ ուսուցիչներին

 

ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի՛ ուսուցիչներ,

ԵԿՄ վարչության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ, պատանի երկրապահների և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի հաճելի առիթով:

 

Դարեր ի վեր մեր ժողովուրդն առանձնահատուկ վերաբերմունք է ունեցել ուսուցչի նկատմամբ՝ ոչ միայն բոլոր կարևորագույն հարցերում նրան անվերապահորեն հավատալով ու վստահելով, այլև նրա հետ կապելով ապագայի բոլոր հույսերն ու սպասելիքները: Եվ դա բնական է մի ժողովրդի համար, որը միշտ էլ բացառիկ կարևորություն է տվել մատաղ սերնդի կրթությանն ու դաստիարակությանը, պաշտամունքի հասնող սեր է ունեցել գիտելիքի և գիտության նկատմամբ:

 

Այնպես որ, սիրելի՛ ուսուցիչներ, Ձեր մասնագիտության տեր մարդիկ ո՛չ անցյալում և ո՛չ էլ այսօր գովեստի, մեծարանքի ու երախտագիտության խոսքերի պակաս չեն զգացել: Դուք, իսկապես արժանի եք դրան, քանի որ ուսուցչի անչափ պատասխանատու աշխատանքը, ես կասեի առաքելությունը ստանձնել ու իրականացնում եք ամենայն բարեխղճությամբ ու պատասխանատվությամբ:

 

Առանց վարանելու կարող եմ ձևակերպել, որ հայ ուսուցիչները, հայ սերունդներին կրթող ուսուցիչները ամենաիսկական երկրապահներ են և նվիրյալ հայրենասերներ: Վստահ եղեք' թշնամու նկատմամբ տարած հաղթանակ է վաղվա Հայաստանի, Արցախի համար լավ մասնագետ կադրեր պատրաստելը:

 

Ուսուցիչների' երկրապահ կարգավիճակն ամրագրվեց սեպտեմբերի 9-ին ԵԿՄ-ի, կրթության և գիտության նախարարության և պաշտպանության նախարարության միջև կնքված եռակողմ հուշագրով: Այսօր դուք կրթում, դաստիարակում եք պատանի երկրապահներին, դուք եք պատասխանատու վաղվա հզոր, բարեկեցիկ Հայաստանի և պաշտպանված Արցախի համար:

 

Այնպես որ' հարգարժան ուսուցիչներ, մաղթում եմ ձեզ ամենայն բարիք, առողջություն, տոկունություն, եռանդ, երջանկություն և հաջողություններ անձնական կյանքում ու հայրենանվեր աշխատանքում»:

 

***

 

Իրադրությունն՝ առաջնագծում. հակառակորդը մեկ շաբաթում արձակել է 1200 կրակոց

 

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1200 կրակոց:

 

ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել շփման ողջ երկարությամբ մարտական դիրքերի պաշտպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

 

***
 
 
ԻԼԻՊ-ը հրապարակել է բրիտանացի գերու սպանության տեսագրութունը
 

«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական կազմակրպությունը տարածել է հերթական տեսագրությունը, որում երևում է, թե ինչպես են իրենք մահապատժի ենթարկում բրիտանացի գերուն' Ալան Հենինգին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է BBC-ն:

 

Միացյալ Թագավորության արտգործնախարարությունը հայտնել է, որ տարվում են աշխատանքներ պարզելու' արդյոք ձայնագրությունն իրակա՞ն է, թե' ոչ: «Ալան Հենինգի վայրենի սպանությունը ցույց է տալիս, թե ինչ բարբարոսներ են այդ ահաբեկիչները: Իմ բոլոր մտքերը նրա կնոջ և երեխաների հետ են»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը:

 

Տաքսու 47-ամյա վարորդ Ալան Հենինգը գերեվարվել էր Սիրիայում, 2013 թվականի դեկտեմբերին: Նա Սիրիա էր ժամանել օգնություն բաժանելու համար: Վերջին երկու ամսվա ընթացքում ԻԼԻՊ-ի ահաբեկիչներն արդեն մահապատժի են ենթարկել մի քանի օտարերկրյա գերիների:

 

***

 

Լեյլա Յունուսի առողջական վիճակը կտրուկ վատացել է

 

Ադրբեջանցի իրավապաշտպան, Բաքվում Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի հիմնադիր տնօրեն Լեյլա Յունուսի առողջական վիճակը բանտում վատացել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական Contact.az-ը, այս մասին հայտարարել են Յունուսի փաստաբանները:

 

Վերջիններիս հավաստմամբ' ադրբեջանցի իրավապաշտպանը ծայրահեղ վատ վիճակում է գտնվում: «Նրան պահում են ցուրտ բանտախցում, չեն տալիս տաք ջուր: Նման պայմաններում, չորս վիրահատությունները հանգեցրել են նրա առողջական վիճակի կտրուկ վատթարացման:

 

Չկան երաշխիքներ, որ Լեյլան կապրի մինչև տարվա վերջ»,- նշվում է իրավաբանների արած հայտարարության մեջ: Նրանք նշել են, որ եթե ադրբեջանական արդարադատությունը հրաժարվում է բանտային պատիժը փոխել տնային կալանքով, ապա գոնե պետք է Յունուսին տեղափոխի քրեակատարողական հիմնարկի հիվանդանոց:

Լեյլա Յունուսը, ինչպես նաև նրա ամուսինը' Արիֆը, ձերբակալվել էին 2014 թվականի ամռանը: Ի թիվս իրավապաշտապններին հասցեագրված այլ մեղադրանքների' նրանց ամբաստանում են Հայաստանի օգտին լրտեսություն անելու համար:

 

***

 

Կադրային ջարդ Արմավիրի ոստիկանությունում. 168.am

 

Արմավիրի ոստիկանությանը մոտ կանգնած 168.am-ի աղբյուրը տեղեկացնում է, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել են Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Գագիկ Ավետիսյանը, ոստիկանության Արմավիր քաղաքի բաժնի պետ Համլետ Համբարյանը, բաժնի պետի՝ օպեր գծով տեղակալ Նշան Հախնազարյանը, քրեականի պետ Վահագն Գրիգորյանը:

 

Ըստ նույն աղբյուրի, մարզային վարչության պետ է նշանակվելու ոստիկանության գնդապետ Վարդան Նադարյանը, ով մինչև այժմ զբաղեցնում է ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի պաշտոնը, իսկ ոստիկանության Արմավիրի բաժնի պետ է նշանակվելու Արթուր Հովհաննիսյանը:

 

Այս պահին Արմավիրի բաժնի պետը և նրա ենթակաները ազատում են իրենց աշխատասենյակները, իսկ նման մասշտաբային ազատումներից ահաբեկված ոստիկանները դիտում են սույն ուշագրավ տեսարանը: Ոստիկանները սա համարում են ոստիկանական «ցեղասպանություն» և դա բացատրում առաջիկայում սպասվող ներքաղաքական իրադարձություններով:

Առավել մանրամասն' 168.am-ում:

 

***

 

ԻՀԿ ներկայացուցիչների եզրահանգումը կողմնակալության և ոչ անաչառության դրսևորում է

 

«Իրավունքի եվրոպա միավորում» ԻՀԿ-ի պատասխանը.
Հայտնում ենք, որ 01.10.2014 թվականին նշված կազմակերպության ներկայացուցիչները՝ դիմելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի աշխատակազմին, ստացել են հնարավորություն ուսումնասիրել մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած բոլոր հավակնորդների, ինչպես նաև մրցույթին առնչվող բոլոր փաստաթղթերը:

 

Նշենք, որ մրցույթին առնչվող փաստաթղթերի շարքում «Իրավունքի եվրոպա միավորում» ԻՀԿ ներկայացուցիչների կողմից ուսումնասիրվել են մրցույթի հավակնորդների գրանցամատյանը, փաստաթղթերի՝ փոստով առաքվելու մասին վկայող ծրարը, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարության պահակետում վարվող մատյանը:

 

Հիշյալ փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում «Իրավունքի եվրոպա միավորում» ԻՀԿ ներկայացուցիչների տարածված հայտարարության մեջ կատարված եզրահանգումը կարելի է դիտարկել առնվազն կողմնակալության և ոչ անաչառության դրսևորում:
Մասնավորապես հարկ է նշել, որ ՀՀ Նախագահի 2014 թվականի օգոստոսի 02-ի ՆՀ-199-Ն հրամանագրով հաստատված կարգով սահմանված են հավակնորդների կողմից փաստաթղթերը և՛ առձեռն հանձնելու, և՛ փոստով ուղարկելու եղանակներ:Շարոնակությունն՝ այստեղ: