Ուսուցչի միջազգային օրվա առթիվ նրանց դերի, արժևորման, ունեցած խնդիրների մասին Tert.am-ը զրուցել է Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, կրթության ոլորտի փորձագետ Անահիտ Բախշյանի և նախկին ԿԳ նախարար, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հետ, ովքեր ասում են, որ ուսուցչին պետք է լավ աշխատավարձ տալ և որակյալ աշխատանք պահանջել։ Ըստ Աշոտ Բլեյանի՝ մանկավարժն այսօր, գուցե, ամենաանպաշտպան սոցիալական խավն է։

 

Անահիտ Բախշյանը նախ շնորհավորեց իր բոլոր այն գործընկերներին, ում կարիքն այսօր աշակերտը զգում է, և իր վարքով ու բարքով օրինակ է ծառայում երեխաների համար։

 

«Պետությունը պետք է արժևորի, գնահատի ուսուցչին՝ լավ աշխատավարձով, և լավ աշխատավարձ ստացած ուսուցչից էլ պահանջի օրենքներով և պետական չափորոշիչներով պահանջվող գիտելիքները, կարողությունները, հմտությունները և արժեքային համակարգը, որ ուսուցիչը պետք է դնի երեխայի մեջ»,- ասաց Անահիտ Բախշյանը։

 

Նա նշեց, որ բացի այն, որ ուսուցիչը հիմնականում ստանում է շատ ցածր աշխատավարձ, նաև ուսուցչի դասավանդման ժամերն են կիսվում։ «Այսպիսով առաջանում է փակ շղթա.պետությունը չի գնահատում, չի վարձատրում, չի պահանջում, պատասխանատվության չի ենթարկում այն մարդկանց, ովքեր պատասխանատու են պետության պատվերը արդյունավետ չկատարելու համար, ուսուցիչներն էլ՝ իրենցից ժամ փախցնելով, որոշ տնօրենների հովանավորությամբ՝ յոլա են տանում կրթությունը»,- ասաց նա և նշեց,որ պետությունն էլ կրթության որակի վերահսկողություն չի իրականացնում։

 

«Այսօր կրթության վատ որակի համար որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվում, որովհետև լավ ու վատ ուսուցիչ հասկացությունը խառնվել է իրար և համատարած ուսուցչի նկատմամբ կարծիք է ձևավորվում»,- ասաց նա։

 

Ըստ Անահիտ Բախշյանի՝ ուսուցչի նկատմամբ վերաբերմունքի փոփոխության մեջ սերունդը մեղավոր չէ։ «Սերունդն իր լավ ուսուցչին այսօր էլ հարգում, պատվում, գնահատում, սիրում է, մեղավոր է իշխանությունը, որ իր տված պատվերի որակին չի հետևում և մեղավոր են այն ուսուցիչները, ովքեր չեն վաստակում երեխաների սերը, հարգանքը և երեխաների հոգում հետք չեն թողնում»,- ասաց նա և ավելացրեց, որ բոլոր ժամանակներում էլ վատ ուսուցիչը չի գնահատվել, սակայն նախկինում նրանք շատ քիչ էին, որովհետև կար հետևողականություն, վերահսկողություն։


Անդրադառնալով ուսուցիչների վերապատրաստմանը՝ Անահիտ Բախշյանը նշեց թեև հինգ տարին մեկ 40 հազար ուսուցիչ վերապատրաստվում է, սակայն արդյունքում չեն ատեստավորվում, և որակավորվում, թե որ ուսուցիչն է համապատասխանում աշխատանքը շարունակելուն։ «Որակավորելով մենք վատորակ ուսուցիչներից ազատելու բնական մաղ կունենանք, սակայն բոլորին առանց բացառությամբ գրում ենք՝ համապատասխանում է»,-ասաց նա։

 

«Այս ամբողջը հետևանք է նրա, որ կրթությունը չի ապաքաղաքականացվում, կրթությունը պետք է ապաքաղաքականացվի, քաղաքական ուժի ընտրությունների արդյունքները պետք է շատ հեռու լինեն՝ դպրոցի գործունեության գնահատումից» ,– կարծիք հայտնեց նա։

 

Նախկին ԿԳ նախարար, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը, անդրադառնալով օրվա խորհրդին, ասաց, թե հաճախ տոները իր համար վերածվում են անհասկանալի բաժակաճառերի։ Նա կարևոր համարեց այս օրերին հատկապես ուսուցիչները միասին լինեն և ինչ-որ մի նոր մեկնարկ տալու հնարավորություն ունենան, հայրենագիտական ճամփորդություններ իրականացնեն, ինչպիսին վերջերս արել են իրենք։

 

«Այս արհեստականությունը, ձևականությունը, կեղծիքն ամեն տեղ է և դրա հաղթահարումն այնքան ծանր է, որ երբեմն հուսահատվում ես և ցանկություն է առաջանում, որ այս տեսակ տոները շուտ անցնեն»,-ասաց նա։

 

Նրա գնահատմամբ՝ այսօր ուսուցիչը, գուցե, ամենաանպաշտպան սոցիալական խավն է։ «Ամեն ուսումնական տարի բացվելիս՝ ուսուցիչը չգիտի,թե դա կարող է լինել իր համար վերջի՞նը, թե ոչ»,-ասաց նա և պարզաբանեց, որ ուսուցիչների կրճատումը լինում է ո՛չ թե որևէ մեկի հանձարարությամբ, այլ որովհետև սովորողների թիվն անընդհատ կրճատվում է, ինչը դեմոգրաֆիայի, ծնելիության պակասի, արտագաղթի արդյունք է, հետևաբար այդ երեխաների չափով էլ կրճատվում է ֆինանսավորումը և դա բերում է նրան,որ ուսուցիչները թողնեն դպրոցը։

 

«Ամեն վայրկյան ուսուցիչը կարող է մնալ առանց աշխատանք։ Ուսուցչի աշխատանքը՝ որպես պետական ծառայողի, օրենքով չի կարգավորված. ո՛չ իր աշխատաժամանակը, ո՛չ իր աշխատավարձը, ո՛չ հավելումները, ո՛չ մնացած բաները կարգավորված չեն»,-ասաց նախկին ԿԳ նախարարը։

 

Նա հայտնեց, որ հաճախ ուսուցիչները հրապարակված թվից, ավելի քիչ աշխատավարձ են ստանում։ «Այս աշխատավարձի մեջ է իրական վերաբերմունքը ուսուցչի նկատմամբ»,-ասաց Աշոտ Բլեյանը և ավելացրեց, որ վերջին 3-4 տարում ուսուցչի աշխատավարձը չի փոխվել, և առաջիկա 1-2 տարիներին էլ միջնաժամկետ ծախսային ծրագրում դրված ցուցանիշներով այդ աշխատավարձը չի փոխվելու։

 

«Ուսուցիչը պետք է այն մարդը լինի, ով անընդհատ է սովորում, ուսուցչի գլխավոր «ուսուցիչը»՝ ցկյանս ինքնակրթությունն է։ Շատ կարևոր են առօրյա դարձած մանկավարժական սեմինարները, բանավեճերը, քննարկումները և ո՛չ թե երեք տարին մեկ իրականացվող ինչ-որ միջոցառումներ։ Դրանք էլ պետք է լինեն, սակայն դրանք չեն կարող փոխել այն միջավայրը, որի մեջ գտնվում է ուսուցիչը, իսկ այդ միջավայրն իր համար կրթական չէ»,- հավելեց մեր զրուցակիցը։