Հայաստանի ազգային հավաքականի և «Գոմելի» ֆուտբոլիստ Զավեն Բադոյանն արձագանքել է բելառուսական թիմի գլխավոր մարզիչ Վլադիմիր Գոլմակի հայտարարությանը:

Մարզիչը Բելառուսի առաջնությունում ԲԱՏԷ-ի դեմ հանդիպմանը՝ 64-րդ րոպեին, խաղադաշտ էր դուրս բերել Զավեն Բադոյանին, իսկ 20 րոպե անց փոխարինել ֆուտբոլիստին՝ նշելով, որ ֆուտբոլը տղամարդկանց խաղ է, և իրեն պետք են մարդիկ, ովքեր և՛ խաղում են, և՛ տեխնիկապես ուժեղ են, և՛ մարտիկ են:

«Չէի ցանկանում գրել, թե ինչու ինձ փոխարինեցին, սակայն գլխավոր մարզչի հարցազրույցը կարդալուց հետո ուզում եմ մի քանի խոսք ասել: Համաձայն եմ մարզչի հետ՝ ֆուտբոլը տղամարդու խաղ է և ես խաղացի տղամարդու պես, պարզապես նա ցանկանում էր, կոպիտ ասած, նվաստացնել ինձ՝ փոխարինելով: Նման վերաբերմունքն սկսեց Հայաստանի հավաքականից վերադառնալուց հետո: «Նաֆթանին» պարտվելուց հետո մեղավորները հավաքական մեկնած ֆուտբոլիստներն էին: Դրանից հետո նման վերաբերմունք: Արդեն մի փոքր հասկանալի կլինի՝ ինչու մարզիչը փոխարինեց ինձ: Մարզչի հետ լավ հարաբերությունների մեջ եմ: Այսօր միասին ժամանել ենք Մինսկ, զրուցել ենք: Ինչպես ինքը ասաց՝ դրանք էմոցիաներ են, կյանքը շարունակվում է, առանց վիրավորանքի: Վիրավորանք չկա, լավ կլինի, եթե նման բան չկրկնվի: Երեկվա պարտությունն արդեն պատմություն է, պետք է մոռանալ և շարունակել աշխատել: Այսօր արդեն լավ տրամադրությամբ կմիանամ ազգային հավաքականին»,- ֆուտբոլիստը գրել է ֆեյսբուքյան իր էջում: