«Mediamall.am» լրատվականը ներկայացնում է անցնող օրվա առավել ուշագրավ տեղեկատվությունը.


Արարատի մարզում մեքենան ընկել է Ազատ գետը

 

Արարատի մարզային փրկարարական վարչություն հոկտեմբերի 5-ին' ժամը 15:22-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհի 6-րդ կիլոմետրին, Ազատավան գյուղի տարածքում, «Աստրա» մակնիշի 35 PO 085 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել արգելապատնեշին և ընկել Ազատ գետը:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Արարատի մարզային փրկարարական վարչությունից, վարորդը' 1985 թվականին ծնված Կարեն Գագիկի Նիկողոսյանը գետից դուրս է բերվել բնակիչների ուժերով եւ շտապօգնության մեքենայով տեղափոխվել «Էրեբունի» ԲԿ: Նրա մոտ ախտորոշվել է գանգուղեղային վնասվածք:

 

Փրկարարների ուժերով մեքենան գետից դուրս է բերվել ժամը 18:00-ին:

 

***

 

Նալբանդյանն ու Ֆաբիուսը կքննարկեն ԼՂ հարցով եռակողմ հանդիպման կազմակերպման հարցեր

 

Հայաստանի արտագործնախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 7-ին կհանդիպի Ֆրանսիայի ԱԳ և միջազգային զարգացման նախարար Լորան Ֆաբիուսին:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ֆրանսիայի ԱԳ և միջազգային զարգացման նախարարությունից, քննարկվելիք հարցերի թվում նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում առա ջիկա զարգացումներն են: «Մայիսին Բաքու և Երևան կատարած այցի ժամանակ Նախագահը (Ֆրանսուա Օլանդ-խմբ.) հայ և ադրբեջանցի իր գործընկերներին առաջարկեց հանդիպում կազմակերպել Փարիզում քննարկելու հակամարտության հնարավոր լուծումները:

 

Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Այն կլինի նախարարներ Ֆաբիուսի և Նալբանդյանի միջև քննարկվելիք թեմաներից մեկը»,- հոկտեմբերի 3-ին լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է նախարարության մամուլի խոսնակը:

 

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ վերջին ամիսներին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների երկու հանդիպում է տեղի ունեցել: Առաջինն օգոստոսի 10-ին Սոչիում' ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ, երկրորդը' սեպտեմբերի 4-ին Ուելսում' ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի միջնորդությամբ: Նախատեսվում է երրորդ հանդիպումը հոկտեմբերի վերջին երրորդ համանախագահող երկրի' Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի միջորդությամբ Փարիզում:

 

***

 

Դիվիդենտներ կշահեն ու կմոռանան Սուրիկ Խաչատրյանին էլ, Սյունիքն էլ

 

«Կապան քաղաքացիական շարժում» նախաձեռնությունը հոկտեմբերի 2-ին ստորագրահավաք է սկսել Սյունիքի նորանշանակ մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ:

Շարժումը Change.org կայքում տեղադրել է խնդրագիր, որտեղ կոչ են անում Սյունիքի եւ Հայաստանի ներկայով ու ապագայով մտահոգ բոլոր քաղաքացիներին միանալ հայտարարությանը:

 

Հերթական վերամբարձ բառերի շահարկումից բացի այս նախաձեռնությունը ոչինչ չտվեց: Նախ, ինչի համար էր այս հետողորմյան. կանխող էիք՝ մինչև նշանակումը կանխեիք: Ուղղակի ոմանք, օգտագործելով հարմար առիթը, սկսեցին հերոսներ ձևանալ: Այդ մարդիկ ոչնչի ունակ չեն, քան հասարակական աղմուկի մեջ իրենց բաժին մի քանի լայքը պոկելը:

 

Հիմա վերամբարձ կոչեր հնչեցրին, թե Սյունիքի եւ Հայաստանի ներկայով ու ապագայով մտահոգ բոլոր քաղաքացիները պետք է միանան այդ հայտարարությանը: Միացան մի քանի հարյուր մարդ: Հիմա հարց է ծագում՝ այդ մարդիկ են միայն մտահոգ Հայաստանի ու Սյունիքի ապագայով, թե՞ Լիսկայի հակառակորդների թիվն է սակավ: Եթե հաշվի առնենք, որ ֆեյսբուքում և հրապարակներում հայրենիքի մասին մտահոգվող տասնյակ հազարավոր քաղաքացիներ են ամեն օր հանդես գալիս, երևի երկրորդ տարբերակն է այս դեպքում:

 

Այնպես որ, հերթական էժանագին շոուն էր: Ինչպես Փակ շուկայի հայտնի դեպքերի ժամանակ աղմկեցին, մի քանի դիվիդենտ շահեցին և գրողի ծոցն ուղարկեցին ժողովրդին էլ, Փակ շուկան էլ, հիմա էլ իրենց բաժին վարկանիշը կշահեն, մի քանի կոպեկ կփախնցեն ու կմոռանան Լիսկային էլ, Սյունիքն էլ:

 

Արամ Գրիգորյան


***


«Ալ-Քաիդայի» անդամներն ահաբեկչական հարձակումից առաջ փորձարկել են օդանավակայանը. NY Post



«Ալ-Քաիդա» խմբավորման անդամները փորձարկել են ԱՄՆ օդանավակայանների անվտանգությունը 2001թ.-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումները իրագործելուց առաջ: Այս մասին գրել է The New York Post-ը՝ վկայակոչելով գաղտնի փաստաթղթերը:

 

Առնվազն երեք վկա տեսել է «Ալ-Քաիդայի» ներկայացուցիչներին Բոստոնի Լոգան միջազգային օդանավակայանի անցակետերում: Ականատեսները, սակայն, անտեսվել են:

 

Վկաներից մեկն ամերիկյան ավիաուղիների տեխնիկ Սթիվեն Ուոլեսն է եղել, ով բախվել է մահապարտների առաջնորդ Մուհամեդ Աթթային: 2001թ.-ի մայիսին Աթթան տեսագրում և ստուգում էր օդանավակայանի անցակետերը: Թերթի հրապարակման համաձայն դա տեղի է ունեցել օդանավի համաշխարհային առևտրի կենտրոնին բախվելուց չորս ամիս առաջ:

 

Ինչպես հայտարարել է ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչության նախկին հատուկ գործակալ Բրայան Սալլիվանը, եթե միջոցներ ձեռնարկվեին, ապա սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումները հնարավոր կլիներ կանխել: Այդ ժամանակ Սալլիվանը զգուշացնում էր օդանավակայանի անվտանգության խնդիրների մասին:

 

***

 

Հակառակ ծայրից

 

«Շրջանառության հարկի մասին» օրենքում կատարված փոփոխությունները կազդեն նաև ապրանքների թանկացման վրա: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց «Սպառողների միություն» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանը:

 

«Միանշանակ դրան կհետևի որոշակի ապրանքների թանկացումներ, որոնք վաճառվում են տոնավաճառներում: Մանրածախ վաճառողները, ովքեր պետք է փաստաթուղթ ներկայացնեն, պետք է նաև գումար ծախսեն դրա վրա և, հետևաբար, ավելի թանկ կվաճառեն նաև իրենց ապրանքը»,- ասաց Պողոսյանը:

 

Վերջինս այն կարծիքին է, որ այդ քայլը ճիշտ է, բայց սկսել են հակառակ ծայրից:

«Կառավարությունն ասել է, որ չորս օրվա ընթացքում պետք է նորից ուսումնասիրեն և փոփոխություններ անեն: Ես գտնում եմ, որ այդ քայլը ճիշտ է, բայց սկսել են հակառակ ծայրից: Դա պետք է կիրառվի մեծածախ վաճառքի կետերում՝ ներկրողների մոտ կամ մեծածախ վաճառքով զբաղվողների մոտ: Շղթայի այդ կետից պետք է սկսեն, որովհետև այդ մանրածախ վաճառողներն իրենք էլ տուժած են:

 

Ես վերջերս, երբ այցելեցի այդ շուկա, տեսա, այդ անմարդկային վիճակում վաճառք կատարելը, նեղվածքը, ամառվա շոգը, ձմեռվա սարասափելի ցուրտը, ռացիոնալ չեն: Ապրանքի ծագումից մինչև վաճառքը մեկ շղթա է, և այդ գումարների գոյացումը վերջի կետից են սկսում, բայց գումարը չի գոյանում մանրածախ վաճառողի մոտ, այլ արտադրողի, ներկրողի կամ մեծածախ վաճառողի մոտ, ավելի ճիշտ կլինի շղթայի ամբողջականությունն սկսել հենց այդ կետից»,- եզրափակեց Արմեն Պողոսյանը:

 

***

 

Իսլամական պետության և Թուրքիայի հարաբերությունները միանշանակ չեն

 

Թուրքիայի խորհրդարանում Իրաք և Սիրիա ներխուժելու վերաբերյալ հաստատված օրինագծում նորություն է ոչ թե այն, որ Թուրքիան իր զինված ուժերին թույլատրում է իր սահմաններից դուրս գործողություններ կատարել, այլ այն, որ արտաքին ուժերին թույլատրում է իր տարածքներն ու բազաներն օգտագործել Իսլամական պետությանը հարվածելու համար:

 

Այս մասին հոկտեմբերի 6-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց թուրքագետ Գևորգ Պետրոսյանը: «Ավելի վաղ՝ սիրիական հակամարտության ընթացքում Թուրքիան իր զինված ուժերին թույլատրել էր երկրի սահմաններից դուրս ռազմական գործողություններ իրականացնել, սակայն իր տարածքներն ու բազաները արտաքին ուժերին տրամադրելուց միշտ խուսափել էր:

 

Պատճառը Թուրքիան էր, որ Իսլամական պետությունը գերեվարել էր նրա քաղաքացիներին և նա չէր ցանկանում վտանգի տակ դնել նրանց կյանքը: Սակայն նրանց ազատումը որոշակիորեն ազատ արձակեց Թուրքիայի ձեռքերը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց թուրքագետը:

 

Թուրքագետը համաձայն չէ տեսակետի հետ, թե Թուրքիայի և Իսլամական պետության միջև սերտ համագործակցություն կա: Նրա խոսքով՝ Թուրքիայի և Իսլամական պետության հարաբերությունները խառն են, և դրանց միանշանակ գնահատական տալ հնարավոր չէ:

 

«Որովհետև կան փաստեր, որ Թուրքիան համագործակցում է Իսլամական պետության հետ, և կան փաստեր, որոնք հակառակի մասին են խոսում: Իրաքյան զարգացումներից շատ առաջ, երբ Սիրիայում Իսլամական պետությունը բավական ակտիվ էր, նրանց միջև լարվածություն կար: Գոնե արտաքնապես վերջին երեք տարիներին Թուրքիայի և Իսլամական պետության հարաբերությունները չի կարելի նորմալ համարել: Նրանք ավելի շատ հակառակորդների կարգավիճակում էին, ինչը չի կարելի ասել Սիրիայում գործող մի շարք այլ խմբավորումների և Թուրքիաի հարաբերությունների մասին, որոնցից մեկն էլ Ալ Նուսրա խմբավորումն է»,- նշեց Պետրոսյանը:

 

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Թուրքիան և Իսլամական պետությունը սերտորեն համագործակցել են Քեսաբի վրա հարձակման ժամանակ, թուրքագետը պատասխանեց, որ Քեսաբի վրա հարձակմանը Իսլամական պետության մասնակցության վերաբերյալ փաստեր չկան: «Ես արդեն ասացի, որ Թուրքիան համագործակցում է Սիրիայում գործող այլ ծայրահեղական խմբավորումների հետ: Քեսաբի վրա հարձակմանը մասնակցել է Ալ Նուսրա խմբավորումը, որին Թուրքիան աջակցել է, սակայն այդ հարձակմանը Իսլամական պետությունը, գոնե մեզ հասած տվյալներով, չի մասնակցել»,- նշեց Պետրոսյանը:

 

Իսկ արաբագետ Հայկ Քոչարյանը նշեց, որ Թուրքիան Սիրիա և Իրաք ներխուժելու վերաբերյալ որոշում է կայացրել, քանի որ պարտավոր է մասնակցել տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին՝ հատկապես այն դեպքում, երբ տարածաշրջանքւմ իրավիճակ է փոխվում: Արաբագետը, սակայն, չի բացառում, որ այս դեպքում էլ Թուրքիան սեփական շահերն է առաջ տանում:

 

***

 

ԻԼԻՊ-ը Դալաուիա գյուղաքաղաքում մի քանի թաղամասեր է գրավել

 

Կառավարական ուժերի հետ 2 օր ընթացող թեժ բախումներից հետո ԻԼԻՊ կազմակերպության անդամները վերահսկողություն են հաստատել Իրաքի Դալաուիա գյուղաքաղաքի մի քանի թաղամասերի վրա:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Իրաքի ոստիկանությունը տեղեկացնում է, որ ահաբեկիչները գրավել են գյուղաքաղաքի մեծ հատվածը, որը գտնվում է Տիգրիս գետի ափին: Այնտեղ է գտնվում ահաբեկիչների հենակետը: ԻԼԻՊ-ի հարձակումը իրաքյան ուժերին ստիպել էր հետ քաշվել դեպի Դալաուիայի հարավային հատված:

 

ԻԼԻՊ-ի հարձակման հետևանքով ոստիկաններ են սպանվել և վիրավորվել, ահաբեկիչները պայթեցրել են նրանց պատկանող 4 մեքենա: Տեղեկություններ կան, որ իրաքյան ուժերի նահանջելուց հետո ԻԼԻՊ-ը հսկողություն է հաստատել նաև Անբար մարզի Քաբիսա քաղաքի վրա:

 

Դալաուիա գյուղաքաղաքը գտնվում է Բաղդադից 80 կմ հեռավորության վրա:

Ավելի վաղ՝ հունիսին, ԻԼԻՊ խմբավորումը հսկողություն էր հաստատել Իրաքի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Մոսուլի վրա: Իրաքյան ուժերը ջանում են ազատագրել ԻԼԻՊ-ի հսկողության տակ հայտնված տարածքները:

 

***

 

Վիճաբանություն և գազի բալոնի հարված' քաղաքացու գլխին

 

Սեպտեմբերի 25-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Ճամբարակի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով հիվանդանոց է դիմել 1964 թ. ծնված Լևոն Վ.-ն և հայտնել, որ վնասվածքները ստացել է բակում վայր ընկնելու հետևանքով:

 

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Դպրաբակ գյուղում գտնվող խանութի մոտ, վիճաբանության ժամանակ, 1962 թ. ծնված Գառնիկ Թ.-ն գազի բալոնով հարվածել է Լևոն Վ.-ի գլխին:

Կատարվում է հետաքննություն:

 

***

 

Սեյրան Սարոյանը՝ Ռոբերտ Քոչարյանի առաջադրման, պաշտոնյաների երեխաների՝ բանակում ծառայելու և «Շրջանառության հարկի մասին» օրենքի մասին (տեսանյութ)

 

«Ռ-Էվոլյուցիայի» հյուրն ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանն է: Վերջինս խոսել է «Շրջանառության հարկի մասին» օրենքի, Ռոբերտ Քոչարյանի առաջադրման և Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին:

 

 

***

 

Հովիկ Աբրահամյանը պաշտոնից ազատել է Սփյուռքի նախարարի տեղակալին

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ Արմեն Հայրապետյանն ազատվել է ՀՀ Սփյուռքի նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Արմեն Հայրապետյանը նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ։

 

***

 

Որոշ արտադրողներ պիտակի վրա չեն նշում չոր կաթի օգտագործման մասին. փորձագետ

 

Կաթնամթերք արտադրող որոշ ընկերություններ օգտագործում են չոր կաթ, ինչի մասին նշում պիտակի վրա։ «Որոշ անբարեխիղճ կաթնամթերք արտադրողներ, իրենց արտադրանքի մեջ օգտագործելով չոր կաթ (կաթի փոշի)՝ դրա մասին չեն նշում պիտակի վրա, ինչը օրենքի խախտում է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Սպառողների ազգային ասոցիացիայի փոխնախագահ և մոնիթորինգի բաժնի ղեկավար Ռուբեն Հայթյանը՝ ներկայացնելով վերջին 9 ամսում 1178 մեծ ու փոքր խանութներում և ավելի քան 60 սննդամթերքի արտադրամասերում արված մարկետինգ-մոնիթորիգային աշխատանքների վերջին արդյունքները։

Նա տեղեկացրեց, որ վերը նշված չոր կաթը, ըստ իրենց տեղեկությունների, ներմուծվում է հիմնականում Ուկրաինայից, ինչը շատ ռիսկային է, քանի որ մեծ է հավանականությունը, որ այն արտադրվում է Չեռնոբոլյան ատոմակայանի վթարի հետրանքով ռադիացիոն բարձր ճառագայթում ունեցող շրջաններում։

Թվարկելով տեղական որակյալ հումքով աշխատող, մակնշման և արտադրանքի բազմազանությամբ աչքի ընկնող ընկերությունները' Հայթյանը նշեց, որ դրանցից երկուսը կաթի ավելցուկից պատրաստում են բարձր որակի չոր կաթ, որպեսզի օգտագործեն այն ձմռան ամիսներին:

«Սպառողների ազգային ասոցիացիայի» նախագահ Մելիտա Հակոբյանը նկատեց, որ հացաբուլկեղեն արտադրողների մեծ մասը չի մակնշում արտադրանքը։ «Հացը պետք է լինի փաթեթավորված և վրան մակնշված պետք է լինի արտադրողի անունը, հացի տեսակը, այսինքն, որ տեսակի ալյուրից է պատրաստված, խոնավության չափը, որը պետք է լինի 17%-ից ոչ ավելի»,- ասաց նա։

Բանախոսները նշեցին, որ վերջին տարիներին բողոքները գնալով քչանում են, ինչը պայմանավորված է նրանով, որ արտադրողների մեծ մասը տարեցտարի շտկում են եղած թերությունները։ «Տնտեսության զարգացման գլխավոր զենքը սպառողն է. ինչքան բարձր լինի նրա գիտակցությունը, այնքան բարձր կլինի արտադրանքի որակը»,- հավելեցին փորձագետները։

 

***

 

«Շանթ» հեռուստաընկերությունը նշեց իր 20-րդ տարեդարձը 

 

Հոկտեմբերի 3-ին «Շանթ» հեռուստաընկերությունը նշեց իր 20-րդ տարեդարձը: Բազմաթիվ հյուրեր եկել էին մեկ նպատակով' շնորհավորելու և անխափան եթեր մաղթելու մի հեռուստաընկերության, որը, անցնելով երկար ու խրթին ճանապարհ, կարողացել է իր հաստատուն դիրքն ու հեռուստալսարանը ձեռք բերել: «Շանթ» ՀԸ-ն նախաձեռնում է նաև բարեգործական մարաթոն Գյումրիում ԹՈՒՄՈ կենտրոնի մասնաճյուղ ստեղծելու համար:

Միջոցառման ընթացքում ՀՀ Գյուղատնտեսության նախարարության հետ համագործակցության համար նախարար Սերգո Կարապետյանը հեռուստաընկերությանը շնորհակալագիր հանձնեց և լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս հեռուստաընկերությունը տարբերվում է մյուսներից իր ծրագրերով, նորարարական գաղափարներով և անընդհատ թարմացվող տեղեկատվությամբ:

«Ես գնահատում եմ հայկական մշակույթի պրոպագանդման գործում «Շանթ»-ի դերը: Ցանկանում եմ, որ ավելի ընդարձակեն իրենց լսարանն ու նորանոր ծրագրերով հանդես գան»,- ասաց նախարարը: ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի անունից շնորհակալագիր հանձնեց ՊՆ մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Ներկա էր նաև ՃՈ 1-ին սպայական գումարտակի հրամանատար Արսեն Արշակյանը, ով ևս «Շանթին» անխափան եթեր մաղթեց: Նա նշեց նաև, որ հեռուստաընկերությունը ոստիկանության հետ բարձր մակարդակի համագործակցություն է ձևավորել: Արսեն Արշակյանի կարծիքով՝ «Շանթն» ազգաբնակչության մոտ բարի համբավ ունի, և ինքը «անգամ մեկ գրամ չի կասկածում» հեռուստաընկերության անաչառության վրա:

Հաղորդավար Ավետ Բարսեղյանը Lurer.com-ի թղթակցի հետ զրույցում, կարծիք հայտնելով «Շանթի» գործունեության վերաբերյալ, ասաց, որ չնայած «Շանթը» 20-ամյա երիտասարդ է, բայց ամուր կանգնած է հողի վրա և լուրջ ապագա ունեցող հեռուստաընկերություն է: «Սիրում եմ աշխատակազմին: «Շանթը» մի մեծ թիմ է, և ընտանիքի զգացողությունը, որն այստեղ կա, թող երբեք չպակասի»,- ասաց հաղորդավարը:

Երգչուհի Էմմին ևս շնորհավորեց տարեդարձի առթիվ:

«Առաջ, երբ ես հյուր էի գալիս այստեղ' մասնակցելու հաղորդումներին, նկատում էի, թե աշխատակազմն ինչքան պրոֆեսիոնալ է, ինչքան պարտաճանաչ, ինչքան ջերմ էին ընդունում հյուրերին, իսկ երբ սկսեցի աշխատել, հասկացա, որ ողջ թիմն է այդպիսին: Ի դեպ, շատ պրոֆեսիոնալ մարդիկ են հավաքված, և, կարծում եմ, թիմը այդպիսին է, որովհետև ղեկավարն է այդպիսին»,- հավելեց երգչուհին:

Mediamall.am -ը ևս միանում է շնորհավորանքներին և «Շանթ» ՀԸ մաղթում անխափան եթեր: