Քարոզարշավի մեկնարկին տարածվել է Սերժ Սարգսյանի նախընտրական երաժշտական հոլովակը: Այն կարծես թե ստացվել է, առնվազն համանման տարբեր այլ երգերի եւ հոլովակների հաջողակ կրկնօրինակման առումով՝ «Ես սիրում եմ իմ երկիրը» կամ «Հայաստանը դու ես», կամ օրինակ Հայաստան համահայկական հիմնադրամի բազմաթիվ այլ երգեր:
Բայց, դա իհարկե միայն Սերժ Սարգսյանին չի վերաբերում: Հայաստանի այսպես ասած շոու բիզնեսի բովանդակային անկյունաքարերից մեկը Հայաստանի մասին տեքստերն են, հիմնականում կրկնվող՝ կամ զուտ բառային, կամ իմաստային առումով: Հաճախ նույնիսկ տպավորություն է, որ այդ տեքստերն ընդամենը տեղերով փոխված՝ կամ շախմատային լեզվով ասած «ռակիրովկա» արած են: Դա իմիջիայլոց:
Ավելին, Սերժ Սարգսյանի նախընտրական հոլովակում փաստորեն իր մասնակցությունն է ունեցել նաեւ ԱՄՆ հանգուցյալ նախագահ Ջոն Քենեդին: Երգի տեքստը հուշում է, որ «հայրենիքից չեն պահանջում», այլ պետք է մտածել, թե «դու ինչ ես արել հայրենիքի համար»:
Սա Քենեդու Ամերիկայի վերաբերյալ հայտնի խոսքերի վերարտադրությունն է, երբ նա ամերիկացիներին հորդորել էր ոչ միայն Ամերիկայից պահանջներ ունենալ, այլ մտածել, թե ինչ են իրենք արել Ամերիկայի համար:
Հիմա փաստորեն Սերժ Սարգսյանը հայաստանցիներին է նույնը խորհուրդ տալիս իր նախընտրական հոլովակի տեսքով:
Այդպիսի խորհուրդներում իհարկե պետք է զգույշ լինել, թեկուզ այն պարզ պատճառով, որ «հեղինակային իրավունք» ունեցող Քենեդին այդքան էլ հեռու չգնաց այդպիսի շեշտադրումներով:
Բանն այն է, որ քաղաքացիներն ամենեւին հայրենիքից չէ, որ որեւէ բան են պահանջում: Քաղաքացիները պահանջում են պետությունից, որ պետք է հանդիսանա քաղաքացիական համաձայնության հարթակ: Այդ հարթակը կառավարելու ծառայության համար նրանք իշխանություն են վարձում՝ իրենց հարկերով, որպեսզի այդ իշխանությունը սպասարկի իրենց շահերը: Երբ այդ նույն իշխանությունը քաղաքացուն ասում է, թե ոչ թե «հայրենիքից» պահանջի, այլ քեզանից՝ թե դու ինչ ես արել հայրենիքի համար, ապա կամ այդ իշխանությունը հեռու չի գնում, կամ եթե այդպիսի իշխանությունը հեռու գնում է, ապա հեռու չի գնում հայրենիքը:
Ամերիկայի դեպքում, օրինակ, հեռու չգնաց իշխանությունը, իսկ Ամերիկան գնաց հեռու, երեւի նաեւ այն պատճառով, որ թույլ չտվեց հեռու գնա մի իշխանություն, որը բացահայտորեն քաղաքացիներին է ներկայացնում պահանջներ, որոնք հանդիսանում են իր պարտականությունը՝ ծառայել հայրենիքին եւ քաղաքացիներին:
Իսկ քաղաքացին հայրենիքի համար որեւէ բան անում է ընդամենը իր աշխատանքով, իր գործը կատարելով, չխաբելով, չգողանալով, չսպանելով: Քաղաքացին իհարկե կարող է նաեւ հերոսանալ, անձնազոհության գնալ հանուն հայրենիքի, որը նրանից ոչ ոք չի պահանջում: Բայց, նորմալ հայրենիքները, որ ունենում են նորմալ իշխանություն, այդօրինակ բաները խրախուսելով հանդերձ, ամենեւին չեն հենվում այդ գիտակցության վրա եւ չեն գեներացնում այն «կոլխոզի» տրամաբանությամբ, որովհետեւ քաղաքացիները պարտավոր չեն լինել անձնազոհ: Դրա համար նրանք պետական կառույցներ են պահում, բանակ են պահում, հատուկ ծառայություններ եւ այլն են պահում, որպեսզի անձնազոհության հույսին մնալու փոխարեն, հայրենիքը կառուցեն պրոֆեսիոնալիզմի միջոցով՝ ընդ որում ոչ միայն անվտանգության, այլ կենսագործունեության բոլոր ոլորտներում:
Դա թերեւս հիմնարար խնդիր է, որովհետեւ գործ ունենք հանրային գիտակցության ձեւավորման հետ: Ձեւավորելով «հայրենիքին պահանջ չներկայացնող» քաղաքացու գիտակցություն, փաստացի խեղվում է քաղաքացի-պետություն փոխհարաբերության առողջ տրամաբանությունը:
Խնդիրն այն է, որ քաղաքացին պարտավոր չէ «հայրենիքի» համար «լավ բան» անել: Նա պարտավոր է «վատ բան» չանել. նա պարտավոր է օրենք չխախտել, չգողանալ, չդավաճանել, չսպանել: Որեւէ «վատ բան» անելու դեպքում նա ենթարկվում է օրենքով սահմանված կարգով պատասխանատվության: Հետեւաբար, առավելագույնը, որ պետք է պահանջել քաղաքացուց, ընդամենը օրինապաշտությունն է՝ ոչ ավելին: Հետեւաբար, հարցը պետք է ձեւակերպել հստակ, ոչ թե «հայրենիքի համար ինչ որ բան անելու» տրամաբանությամբ:
Բայց իշխանությունն այդ հարցը հստակ չի ձեւակերպում, որովհետեւ այդ դեպքում քաղաքացու հետ հարաբերության նախընտրական սեղանին բավական հստակ են դառնում այն «վատ բաները», որոնք իշխանությունն անում է նույն հայրենիքի եւ քաղաքացու հանդեպ՝ ակնհայտ ապօրինություններով, որոնց հիմքերի հիմքն իհարկե ներկայում բիզնեսի եւ իշխանության տոտալ, համակարգային ապօրինի սերտաճումն է:
Եվ ընդհանրապես, պետք է հրաժարվել «հայրենիք» էմոցիոնալ հասկացությունից: Վերջին հաշվով, խոսքը պետության նախագահի ընտրության մասին է, ոչ թե դպրոցական շարադրությունների մրցույթի, գոնե ֆորմալ առումով:
Իսկ զուտ երաժշտական տեսանկյունից հայկական շուկայում հոլովակն իհարկե մրցունակ է, առավել եւս, որ դրանում ներկայի ու անցյալի խառնածին հանդիսացող անվանական որեւէ բղավոց չկա: